«Աֆրինում ընթացող ռազմական գործողությունները նոր թափով են շարունակվում: Իրավիճակը հասել է նրան, որ թուրքական ուժերը գնդակոծում են խաղաղ բնակավայրերը և զոհվում են խաղաղ բնակիչներ: Եթե այս ամենին հավելենք նաև Էրդողանի հայտարարությունը, ըստ որի, Թուրքիան Աֆրինի հարցով գնալու է մինչև վերջ և կտրորեն ցանկացածին, ով Թուրքիայում ընդդեմ իշխանության այս քայլերի ցույցեր կանի, ապա ստացվում է, որ Աֆրինի շուրջ ռազմական գործողությունների ավարտը հեշտությամբ չի տրվի»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Վերջինիս խոսքով՝ Աֆրինում կատարվածը թուրքական իշխանությունների սխալ քայլն էր, ինչը կարող է Թուրքիայի դեմ հանել ոչ միայն Թուրքիայում ապրող քրդերին, այլ նաև Իրաքի քրդերին:
Անդրադառնալով Թուրքիայի եղբայրական ժողովուրդ Ադրբեջանի դիրքորոշմանը՝ Խուդավերդյանը նշեց, որ Ադրբեջանը ինչպես շատ այլ հարցերում, այնպես էլ Աֆրինի հարցում՝ կանգնած է Էրդողանի կողքին. «Ադրբեջանը արդեն հայտարարել է, որ մինչև վերջ կանգնելու է թուրք ժողովրդի կողքին»:
Անդրադառնալով Թուրքիայի հայկական պատրիարքարանի հայտարարությանն, ըստ որի, Թուրքիայի հայոց պատրիարքարանը ողջունել է թուրքական զորքերի մուտքը Աֆրին, թուրքագետը ասաց. «Պատրիարքարանի այս հայտարարությունը բխում է նրանից, որ հայոց պատրիարքարանը չի կարող այդ թուրքական պետությունից անկախ և ինքնուրույն գործել և, հետևաբար, միջազգային հարաբերությունները հաշվի առնելով, որևէ հայտարարություն անելուց առաջ՝ այդ տեքստը պետք է համաձայնեցներ թուրքական իշխանությունների հետ»:
ԼՈւՐԵՐ.com-ը Խուդավերդյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայոց պատրիարքարանը չէր կարող որդեգրել չեզոք քաղաքականություն՝ զերծ մնալով թուրքական իշխանության ռազմական գործողություններին հավանություն տալու քայլից, Խուդավերդյանը պատասխանեց. «Հայոց պատրիարքարանը չի կարող գործել առանց Էրդողանի համաձայնության, քանի որ Էրդողանի քաղաքականությունը գործում է այնպես, որ որևէ ժողովրդական տարրի չի համապատասխանում, ուստի՝ հայկական պատրիարքարանի հայտարարությունը թելադրված է հենց Էրդողանի և գործող իշխանության կողմից»,-ասաց թուրքագետը՝ նշելով, որ այս հարցում պետք չէ համեմատություն անել Արամ Աթեշյանի դեպքի հետ, քանի որ այն ժամանակ խոսքը Հայոց ցեղասպանության մասին էր, իսկ այս պարագայում՝ թուրքերի և քրդերի, որոնք ժամանակին համաձայնեցված կերպով կոտորել են հայերին:
Վերջում Մուշեղ խուդավերդյանը հավելեց, որ Աֆրինում ծավալված գործողությունները Մերձավոր արևելքում ստեղծելու են նոր պատերազմական օջախ, իսկ եթե Թուրքիան չսահմանափակվի Մանչիբով, Իբդիլով և Աֆրինով, ապա պատերազմին կմիջամտեն սիրիական ուժերը և այդ պատերազմական օջախն ավելի կթեժանա:
Աղավնի Սուքիասյան