Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայաստանյան քաաքական կյանքի վերջին օրերի ամենակարևոր զարգացումը համարեց ՀՀ նախագահի այցը ֆրանսիա և Ստրասբուրգ. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, իսկ սպասվող Ֆրանկոֆոնիայի միջոցառման ժամանակ Հայաստանը դառնալու է աշխարհի քաղաքական կենտրոնը: Եվ ՀՀ նախագահը, և Մակրոնը հայտարարեցին, որ ավելի են խորացնելու այդ հարաբերությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շարմազանովը՝ ներկաներին հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումը՝ մշտապես Հայաստանի կողքին լինելու վերաբերյալ:
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցի հետ կապված ՀՀ նախագահի ելույթներին՝ Շարմազանովը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը հստակ հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
Խոսելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի գլխավոր մեսիջների և նախագահին ուղղված հարցադրումների մասին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ԵԽԽՎ-ում երեկվա կատարվածը փաստում է, որ Հայաստանի նկատմամբ այդ կառույցում առկա է դիրքորոշման դրական փոփոխություն, ինչը չկար տարիներ առաջ:
Ըստ Շարմազանովի՝ այդ դրական դինամիկայի պատճառը Հայաստանում կատարվող այնպիսի փոփոխություններն են, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարն ու եվրաասոցացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հարցին՝ արդյո՞ք այս գիշեր ադրբեջանական կողմի դիվերսիան կապված է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի՝ ադրբեջանցի պատվիրակին տված պատասխանով, Շարամազանովը պատասխանեց. «Ադրբեջանը ցանկացած լուրջ միջազգային այցելությունից հետո պատասխանում է սադրանքով: Ադրբեջանն իր այս քաղաքականությամբ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ կառուցողական հարաբերությունների, իրենք դարձել են իրենց մաքսիմալիստական քաղաքականության զոհը: ՀՀ նախագահը նշեց, որ Ադրբեջանին միջազգային հանրությունը պետք է օգնի դուրս գալ մաքսիմալիստական վիճակից, բայց անհնար է, որ օգնեն մեկին, ով չի ուզում դա: Ադրբեջանը դարձել է իր ռասիստական հայատյաց քաղաքականության զոհը»,-ասաց էդուարդ Շարմազանովը: