Հայաստանում ընթացիկ տարվա կեսերին հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցները պարտադիր պետք է ունենան սանիտարական անձնագրեր` համապատասխանելով հիգիենայի մի շարք չափանիշների: Մայրաքաղաքում այս ուղղությամբ աշխատանքները կատարվել են գրեթե ամբողջությամբ, մարզերում ապրիլից հաց տեղափոխողների, իսկ հունիս-հուլիսից միս տեղափոխողների համար կգործի պատշաճ տրանսպորտային միջոցով փոխադրում կատարելու պահանջը:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրեց սննդամթերք փոխադրող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերին անցնելու գործընթացի մանրամասները: «Նախկինում բոլորդ էլ ականատես էիք, որԵրևանում և մարզերում կամայական ավտոմեքենաներով հացի տեղափոխում էր իրականացվում, խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների մասին է, երբ բանանի արկղերով կամ բեռնախցիկում շարված տեղափոխում էին հացերը: Խնդիրը հասունացել էր մեզ մոտ, այդ իսկ պատճառով առաջնային փուլումմենք ընտրեցինք հացամթերքն ու թարմ մսի իրացումը»,-ասաց Վահե Դանիելյանը:
Ներկայում սահմանվել են չափանիշներ, ըստ որի հացի տեղափոխումը պետք է իրականացվի առանձնացված թափք ունեցող տրանսպորտային միջոցով, որը խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ունի: Հացը պետք է լինի պոլիմերային կամ փայտե արկղներում: Միս տեղափոխող մեքենաներում անհրաժեշտ կլինի հատուկ երեսապատում և սառնախցիկի առկայություն: Տրանսպորտային միջոցները պետք է պահվեն մաքուր և նորոգ վիճակում։ Սրանք այն նվազագույն պահանջներն են, որ թելադրվել են ծառայության կողմից:
Վահե Դանիելյանի տեղեկացմամբ` սանիտարական անձնագիրը տրվում է մեկ տարի ժամկետով, անվճար, իսկ մեկ տարվա ընթացքում արդեն ծառայության պետական վերահսկողության գործիքները կկիրառվեն՝ խանութներում և արտադրամասերում շրջայցերի տեսքով: Պաշտոնյան չբացառեց, որ ոչ բարեխիղճ մարդիկ կլինեն, ովքեր չեն հետևի այս պահանջներին: Մանավանդ՝ արդեն ստացել են ահազանգեր, որ որոշ տաքսու վարորդներ շարունակում են հաց առաքել իրենց մեքենաներով: «Մենք այս պահին աշխատում ենք այդ ահազանգերի ուղղությամբ: Քննարկում ենք խանութների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, որ նրանք զերծ մնան նմանտրանսպորտային միջոցներով նշյալ ապրանքներն ընդունելուց»,-հավելեց ՍԱՊԾ պաշտոնյան:
Մսի տեղափոխման պահանջն ուղղակիորեն կապված է պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու հետ: Առաջիկայում նախատեսվում է նաև ձվի, հրուշակեղենի, խմելու հանքային ջրերի, ոչ ալկոհոլային ըմպելիքների, մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութերի, պաղպաղակի, ձկնամթերքի և սննդամթերքի այլ տեսակների տեղափոխման համար ևս սահմանել անձնագրերով գործելու պահանջ:
ՍԱՊԾ բազայում գրանցված է 706 հացարտադրողների 38 տոկոսը փռեր են, որոնք տեղում արտադրում և վաճառք են իրականացնում։ Առաքում իրականացնում է դրանց 62 տոկոսը, որոնց բոլորին արդեն տրամադրվել են սանիտարական անձնագրեր:
Մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել հացի առաքմամբ զբաղվողների 26 տոկոսին: Երևանում 72, մարզերում 52 սանիտարական անձնագիր է տրամադրվել միս տեղափոխող փոխադրամիջոցներին: