Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա` Ծաղկեվանքի մոտ: Ձնահոսքի հետևանքով մահացել է 18 հոգանոց արշավախմի անդամներից` 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանը:
Նախնական վարկածի համաձայն՝ Նաիրուհին մահացել է անկման հետևանքով ստացած վնասվածքներից: Մահացածը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հաշվառված, 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանն էր: Վիրավորներից մեկը, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 37-ամյա էդգար Նավասարդյանն է: Վերջինս ստացել է ոտքի ծանր վնասվածքներ:
Ձնահոսքի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև արշավականներից՝ Հրաչ Հարությունյանը: Նախնական տեղեկություններով՝ Հրաչը ստացել է անրակի, պարանոցի ոսկրի կոտրվածք: Երկու վիրավորներն էլ վիրահատության անհրաժեշտություն ունեն:
Այսօր սոցցանցում Նաիրուհի Սիմոնյանին ճանաչողները գրառումներ էին կատարում՝ նշելով, որ վերջինս հայտնի լեռնագնաց էր: Նշվում էր, որ նա պարբերաբար օժանդակություն է ցուցաբերել անապահով երեխաներին, Արցախում ծառայող զինվորականներին:
Դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ալպինիզմի հայկական ֆեդերացիան.
«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար` ցավով տեղեկացնում ենք` երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արայի լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։ Դեպքի անմիջապես հետո խմբի անդամները ահազանգեցին մեզ և ԱԻՆ։
Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը` արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց՝ տուժածներին օգնելու համար։ Րոպե իսկ չկորցնելով` սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։
Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը։ Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում, և ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը։
2 ժամ տևողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին իջեցրեցինք ցած։ Պատահարի արդյունքում ոտքը կոտրվել է մի քանի տեղից և ցրտահարվել է։ Իհարկե, այժմ մեզ բոլորիս հետքրքրում են պատճառներն ու անվտանգության ապահովման հարցը, ինչի վերաբերյալ կիսում եմ ձեր մտահոգությունը։
Սակայն կարծիքներ կարող ենք հայտնել թիմի անդամների և Էդգար Նավասարդյանի հայտնած տեղեկությունների, եղանակային պայմանները հաշվի առնելու և տեղանքի վտանգավորությունը գնահատելուց հետո միայն»,-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ դեպքի հետևանքով մահացած Նաիրուհու ընտանիքին օժանդակություն ցուցաբերելու և վնասվածքներ ստացած արշավականների վիրահատական միջամտության համար ընկերները դրամահավաք են սկսել:
Ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանը մասնավորապես գրել է. «Էդգարին հարկավոր է շտապ վիրահատություն, որը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: Իսկ այսօրվա Հայաստանում, հասկանում ենք, որ միջին վիճակագրական ընտանիքը պատրաստ չէ նման ծախսերի՝ նման սեղմ ժամկետներում: Ժամանակն է, որ խոսքից անցնենք գործի: Հայտարարվում է դրամահավաք՝ Էդգարի կյանքն ու առողջությունը փրկելու և Նաիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Ցավոք, ժամանակ շատ չկա: Հետևաբար, չենք կարող ժամանակ կորցնել՝ հաշվեհամարներ ու այլևայլ միջոցներ ձեռնարկելու համար:
Խնդրում եմ: Վաղը՝ հունվարի 30-ին, ժամը 14:00 հանդիպում ենք Երևան Մոլի դիմաց: Ցանկացած դրամական օգնություն այս պահին տեղին է ու կարևոր: Իմ հեռախոսահամարն է՝ 098115218: ՀԳ. Դրամական օգնություն կարող եք փոխանցել նաև Արցախի 1 հասցեով (Սասունցի Դավթի արձանի դիմաց), Ալպինիզմի Ֆեդերացիա, ամեն օր 10:00-19:00-ը: Փոխանցումներ կարելի է անել նաև IDram-ից: Համարը՝ 094911201:
ՀՀ տարածքից փոխանցումներ անելու համար Էդգարի հաշվեհամարը՝
ARDSHINBANK CJSC
BENEFICIARY CUSTOMER : NAVASARDYAN EDGAR
BENEFICIARY CUSTOMER ACC: AMD 2470033736090000
Քարտին փոխանցման համար՝
4454 3000 0058 0677
EDGAR NAVASARADYAN
ARDSHINBANK VISA CLASSIC»: