«Գերտերությունների թողտվությամբ «Իսլամական պետության» զինյալներն արդեն տարիներ շարունակ հետապնդում են քրդերին: Տարիներ շարունակ քրդերը պայքարում են քրդաբնակ մի շարք բնակավայրերն «Իսլամական պետության»ահաբեկիչների տերության տակ անցնելու վտանգի դեմ: Հիմա էլ, Էրդողանը տեսնելով, որ իր հովանավորության տակ գործող ահաբեկիչները հաջողության չեն հասնում, արդեն մեկ տարի է՝ զորք է կուտակել Աֆրինում: Այսօր արդեն 11-րդ օրն է՝ թուրքական բանակը հարձակվում է Աֆրինի վրա, որտեղ ապրում են ավելի քան մեկ միլիոն քուրդ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը՝ նշելով, որ էրդողանը գործում է բացառապես Ռուսաստանի թողտվությամբ: 

 

Ըստ Հասանովի, թեև այս օրերին քրդերը վերցրել են ավելի քան հարյուր թուրք գերի, խոցվել է տասնհինգ տանկ, սակայն, էրդողանը կարողանում է քրդերին ոչնչացնել այնպիսի եղանակով, որին քրդերը ներկայումս պայքարել չեն կարողանում. «Թուրքական զինուժը խաղաղ քրդերին ռմբակոծում է օդային տարածքից, իսկ օդային ռմբակոծությունների դեմ պայքարելու հնարավորություն այս պահին նրանք չունեն»,-ասաց Հասանովը: 

ԼՈւՐԵՐ.com-ը հետաքրքվեց պատգամավորից՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ-ի քրդական համայնքը և ի՞նչ մեթոդներով  են պատրաստվում օգնել իրենց հայրենակիցներին:

Պատգամավորը նշեց, որ հայկական համայնքը կարող է միայն իր սրտացավությունը հայտնել, փորձել տարբեր խողովակների միջոցով քրդերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը բարձրաձայնել, քանի որ իրենց հայրենակիցներին պատերազմի դաշտում օգնելու տարբերակ չունեն:

Կնյազ Հասանովի բնորոշմամբ՝ Էրդողանը վարում է սուլթանիզմին բնորոշ քաղաքականություն, իսկ գերտերությունները քրդերին պարզապես տվել են Էրդողանի «թնդանոթի բերանը»՝ մոռանալով մարդու իրավունքների մասին. «Սա բացարձակ ցեղասպանություն է քրդերի նկատմամբ: Ռուսական պետությունը ձեռք քաշեց քրդերից և տվել է Թուրքիային ուղղաթիռներ, որով ոչնչացնում են մեր քուրդ եղբայրներին»: 

Անդրադառնալով Սոչիում այսօր կայանալիք համաժողովին, որի ընթացքում պետք է քննարկվի Սիրիայի Աֆրին քաղաքում կատարվող թուրք-քրդական բախումների հարցը, Հասանովը նշեց. «Մենք որևէ հույս չունենք այս հանդիպումից, քանի որ Սոչիում այսօր բոլոր հավաքվողները Քրդերի դեմ են», -ասաց նա՝ և հավելեց, որ ակնկալիքներ ունեն սիրիայի նախագահ Ասադից, քանի որ խոշոր հաշվով պատերազմական գործողությունները շարունակվում են Սիրիայի տարածքում գտնվող Աֆրին քաղաքում:

Աղավնի Սուքիասյան