Ամերիկյան Bloomberg View պարբերականի
հոդվածագիր Մարկ Չեմպիոնը, անդրադառնալով
վերջերս Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին,
համեմատություն է անցկացրել Էրդողանի Թուրքիայի
և Պուտինի Ռուսաստանի միջև' նշելով, որ
Թուրքիան' վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
ղեկավարությամբ, կարող է դառնալ հաջորդ
«պուտինյան Ռուսաստանը»: Հոդվածագրի
կարծիքով' Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը
պետք է դիտարկել այն ենթատեքստում, ինչ
կատարվում է Ռուսաստանում, այլ ոչ թե Մերձավոր
Արևելքում:
«Տարիների ընթացքում Էրդողանը գնում էր դեպի ժողովրդավարության այն ձևը, որը վաղուց իր
սեփականն է դարձրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասված է հոդվածում: Ինչպես կարծում է
հոդվածագիրը, թուրք վարչապետը հարգում է Պուտինի կոշտ քաղաքականությունը շատ ավելի, քան
Եվրամիությանը, քանզի Էրդողանը միշտ քննադատում է քաղաքացիական ազատությունները:
«Բացի այդ,Պուտինն ու Էրդողանը ուրիշ ընդհանուր գծեր էլ ունեն: Նրանք երկուսն էլ պահում են
«իսկական տղամարդու» իմիջը և երկուսն էլ նախկին մարզիկներ են եղել: Նրանք հաղթել են
ընտրություններն իրենց երկրներում տնտեսական կայունությունը տեսնող երախտապարտ
ընտրազանգվածների շնորհիվ, և երկուսն էլ այժմ բախվում են այն փաստին, որ տնտեսական
հաջողությունները սկսում են մարել»,-գրում է Չեմպիոնը:
Նրանց ընդհանրության ևս մեկ ապացույց է երկրում բողոքի ցույցերին ցուցաբերած արձագանքը: Ինչպես
կարծում է հոդվածագիրը, դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը
Արևելքի և Արևմուտքի միջև են գտվում աշխարհագրական, մշակութային և պատմական առումով:
Սակայն Թուրքիայում քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ է, քան Ռուսաստանում, ինչը
հույսի շող է թողնում այդ երկրում. եզրափակում է հեղինակը