ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, որով անհրաժեշտ է հստակեցնել նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը:

«Ներկայում այդ հարցը կարգավորվում է երկու ակտով՝ կառավարության գործունեությունը կանոնակարգվում է նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով: Ո՞րն է հիմնական կարգավորումը, որ մենք առաջարկում ենք: Կառավարությունը կազմավորված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Ընդ որում, կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ  Սահմանադրությունը նախատեսել է մի շարք դրույթներ, թե ինչ ժամկետում պետք է առաջարկվեն կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որպեսզի կառավարությունը ձևավորվի:

 

«Սակայն քանի որ որոշակի ժամկետներ պայմանավորված են հենց կառավարության ձևավորված լինելու փաստով՝ դրա համար ամրագրել ենք այդ 2/3-րդ թիվը: Նախատեսում ենք, որ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են 18 նախարարություններ և օրենքում նախատեսում ենք հավելվածի տեսքով նրանց գործունեության հիմնական ոլորտները, հակառակ դեպքում ուղղակի անունների թվարկումը կարծում ենք օրենքը կդարձներ ավելի թերի: Սահմանում ենք կառավարության անդամի կողմից նոր պահանջ՝ երդում տալու պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորները, դատական իշխանության ներկայացուցիչները տալիս են երդում, նախատեսում ենք նաև կառավարության անդամների համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սահմանվել են դեպքերը, որոնց պարագայում վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական:

«Օրինակ, նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն կամ խախտվել են օրենքում նախատեսված անհամատեղելիության պահանջները. նա օրենքի ուժով պարտավոր է ներկայացնել հրաժարական: Ի տարբերություն կառավարության աշխատակազմի՝ նախատեսել ենք վարչապետի աշխատակազմ, որը կոչված է ծառայելու վարչապետին, փոխվարչապետներին, նաև վարչապետի լիազորությունների հետ կապված կառավարության նիստերի անցկացում և այլն, այդ բոլոր հարցերը պետք է լուծի վարչապետի աշխատակազմը, բնականաբար իր կազմում ունենալով տարբեր ստորաբաժանումներ»,- ընդգծեց նախարարը:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև կառավարության նիստերի դռնփակության հետ կապված հարցին, որը նրա խոսքով, դառնալու է քննարկման առարկա: «Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով  կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց: Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»,- նշեց Հարությունյանը:

 

Նրա տեղեկացմամբ, ամրագրվել են մի շարք նորմեր, որոնք ապահովում են կառավարության անդամների գործունեության երաշխիքները, այդ թվում՝ սոցիալական: «Սակայն աշխատել ենք օրենքը զերծ պահել ավելորդ մանրամասներից և այն իրավական մանրամասներով չծանրաբեռնելու համար նախատեսել ենք, որ գոյություն է ունենալու կառավարության աշխատակարգ, որն իրավական ակտ է, որը ընդունվելու է հենց կառավարության կողմից»,- ասաց Հարությունյանը: