Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխմամբ վարորդների կրճատումներ չեն սպասվում: Փետրվարի 2-ի լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
«Նոր ցանցով սահմանվելու են հստակ չափորոշիչներ վարորդների համար: Նվազագույն պահանջը կլինի կոկիկությունը: Վարորդների կրճատման վերաբերյալ խոսք լինել անգամ չի կարող: Վարորդներն աշխատելու են հերթափոխով, հետևաբար նույնիսկ կարող է լինել լրացուցիչ պահանջ»,-ասաց Նիկոյան:
Բարեփոխումների գործընթացը ներառում է ոչ միայն համակարգի փոփոխություն, տեխնիկական արդիականացում, այլ նաև սպասարկման չափանիշների սահմանում և որակական նոր ծառայությունների ներդրում: Ուղևորների արժանապատիվ երթևեկության համար կարևոր նախապայման է վստահությունը սպասարկող համակարգի հանդեպ, որի առաջի ներկայացուցիչը վարորդն է: Նիկոյանի կարծիքով' նրանց չափանիշների սահմանման գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու արձագանքն անչափ կարևոր են:
«Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը և տոմսային համակարգը» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից: