Նախարար Արտեմ Ասատրյանը հիմա էլ որոշել է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացում, այսպես ասած, միջազգային ստանդարտներ ապահովելու համար ներդնել նոր չափանիշներ եւ, ըստ այդմ, անցկացնել նոր մրցույթ: Բայց այս քայլին գնացել է ոչ թե բարեփոխումներ իրականացնելու մղումով, այլ դասընկերոջ` Հունան Հունանյանի ղեկավարած «Սատար» ընկերությանը պրոթեզավորման ոլորտում գործունեության իրավունք տալու համար: Ասել է, թե նախարարը պաշտոնեական դիրքն օգտագործում է` մտերիմներին պատկանող ընկերության բիզնեսին աջակցելու համար:
Ընդ որում՝ Ասատրյանը սա անում է ոլորտի մյուս ընկերությունների հաշվին: Մասնավորապես, գերմանական պրոթեզավորման ոլորտում հայտնի «OTTO-BOCK» ընկերության ՀՀ-ում միակ ներկայացուցիչը` «Ինտեր Գթո» ՍՊԸ-ն, 28 տարի է` սպասարկում է հաշմանդամներին եւ համարվում է բարձր որակի ծառայություն մատուցող:
Այն, որ Արտեմ Ասատրյանի գերատեսչությանը առանձնապես չեն հետաքրքրում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների հոգսերը՝ գիտեինք:
Այն, որ Ասատրյանը մատը մատին անգամ չէր պատրաստվում խփել այդ հոգսերը և խնդիրները մեղմելու համար՝ նույնպես գաղտնիք չէր:
Նորությունը այն է, որ Ասատրյանը վերջին շրջանում ոչ միայն չի օգնում, այլև չի խորշում կանխամտածված վնասելուց, իհարկե՝ քողարկելով դա պետական շահի պահանջներով:
Ժողովրդավարական երկրներում Ասատրյանի արածը պաշտոնեական դիրքի պրիմիտիվ չարաշահում է, որի համար պաշտոնյան անհապաղ հրաժեշտ է տալիս յուր պաշտոնին, ի դեպ հենց պետական շահի պահանջներով: Մինչդեռ մեր իրականության մեջ խնամի-ծանոթ–բարեկամ շղթան դարձել է անքակտելի: Անգամ գեղեցիկ չէ ունենալ պաշտոն և դրա ընձեռած բերկրանքով չկիսվել հարազատների, դասընկերների, քավոր-սանիկների հետ: Հայեցի չէ:
Այս հարցում նախարարի «հայեցիությունը» ավելի քան ընդգծված է: Ասատրյանի ղեկավարած գերատեսչության համար սովորական երևույթ է դարձել հայտնվել տարատեսակ սկանդալների, կոռուպցիոն բացահայտումների կիզեկետում: Իսկ նախարարի վերջին որոշումներից հետո անգամ կասկած չկա, որ նրա անամոթության աստիճանը տոկոսային հարաբերությամբ գերազանցում է նույնիսկ գործազրկության մակարդակին:
Ստելլա Խաչատրյան