Արդեն 30-րդ օրն է, ինչ շարունակվում է Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ահաբեկչական պատերազմը` պատերազմ, որին մասնակցում են թուրքական հատուկջոկատայիններ, սիրիացի վարձկաններ: Արցախաադրբեջանական սահմանին շարունակվում են ուժգին մարտերը, մեր քաջ զինվորների անձնվեր պայքարի ու արյան գնով դեռևս հաջողվում է կասեցնել թշնամու` օրեցօր սաստկացող գրոհները։ Սակայն չպետք է մոռանանք, որ այս պատերազմում Թուրքիան բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով անթաքույց հայտարարեց ահռելի թվով զոհերի և տարածքային կորուստների մասին:
Օրհասական այս պահին կարևոր է ազգային միասնականությունն ու հանուն մեր պետության ամբողջականության` քաղաքական պայքարը մի կողմ դնելն ու փորձառու և բանիմաց քաղաքական ու պետական գործիչների ներգրավումը, ովքեր անցել են պատերազմի և բանակցությունների բովով, ովքեր տիրապետում են անհրաժեշտ բանակցային գիտելիքների ու փորձառության: Ահարկու և օր օրի սաստկացող, մեր երիտասարդ սերնդի կյանքը խլող այս պատերազմը կանգնեցնելու համար կոչ եմ անում թիկունքում տարվող աշխատանքներին զուգահեռ` քաղաքական լայն կոնսոլիդացիա ձևավորել:
Պետք է կանգնեցնել պատերազմը և ստիպել Ադրբեջանի իշխանություններին` օր առաջ վերադառնալ կառուցողական հուն՝ այդպիսով փրկելով պատերազմի արհավիրքին զոհ գնալու վտանգի առջև կանգնած մեր հազարավոր հայորդիներին և այս օրերին լրջագույն վտանգի առջև կանգնած մեր պետականությունը:
Պարոնայք պետական այրեր, սթափվելու ժամանակը եկել է։ Հարկավոր է օգտագործել բոլոր ռեսուրսներն ու կապերը։ Անդառնալի կորուստն արդեն անկասելի է։ Համախմբվե՛ք, գործե՛ք հանուն պետության և ոչ թե նեղ անձնական, քաղաքական շահերի, ամբիցիաների թելադրանքով։ Մի կողմ դրեք այսրոպեական հարցերն ու սկիզբ դրեք միասնականության, որի միակ նպատակը մեր պետականությունը չկորցնելն է:
Արտակ Թովմասյան