Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում դիմավորում են ցույցերով: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, մարդիկ հավաքվել են՝ բողոքելու Սիրիայում քրդերի դեմ Էրդողանի կողմից իրականացվող գործողությունների դեմ:

Էրդողանի անվտանգությունն ապահովելու, հնարավոր հարձակումներից խուսափելու նպատակով մոբիլիզացվել է իրավապահ համակարգի շուրջ 3500 աշխատակից: Նրա այցի առնչությամբ Հռոմի կենտրոնում արգելվել է ամեն տեսակ ցույցերի անցկացումը:

Այդուհանդերձ՝ հինգ քրդեր արդեն իսկ փորձել են քրդական դրոշներով մտնել Սուրբ Պետրոսի հրապարակ:

Իտալացի շատ քաղաքական և հասարակական գործիչներ ևս դեմ են արտահայտվել Էրդողանի այցին: Իտալիայի ձախերի կուսակցության առաջնորդ Նիկոլա Ֆրատոյանին հորդորել է երկրի իշխանություններին թիկունք դարձնել նրանց, ովքեր «ներկայացնում են արյունոտ և բռնի վարչակարգը»: Իսկ Եվրախորհրդի իտալացի պատգամավոր Մատեո Սալվինին ընդգծել է. «Թուրք ծայրահեղական Էրդողանին ընդունելն ամոթալի արարք է»՝ նշելով, որ Թուրքիան երբեք չպիտի մաս կազմի Եվրոպայի:

Ակնկալվում է, որ փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահը Վատիկանում կհանդիպի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Նույն օրը Էրդողանը կվերադառնա Թուրքիա: