ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ստեփանակերտ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Արցախի նախագահի հետ: Ինչպես նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, այսպիսի այցելությունների ժամանակ սովորաբար նրանք հնարավորություն են ունենում հանդիպել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների` Արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի, Պաշտպանության նախարարի հետ:
«Քննարկվելու է հարեցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվելու ինչպես ընթացիկ, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցերին: Քանի որ հիմնական շեշտը դրվում է սահմանին հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմների ներդրման վրա, որ զինադադարի ռեժիմի խախտումները ինչ-որ ձևով վեր հանվեն, բնական է, որ առանձնակի ուշադրություն է դարձվելու այդ հարցերին»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ ցանկացած նման այցելություն Արցախը կարևորում է: Ակնկալվում է, որ այդ հարցերի քննարկումը նպաստելու է հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Եռանախագահները կայցելեն Արցախ` հանդիպելու տեղի իշխանությունների հետ: Նախատեսված է համանախագահների այցը նաև Ադրբեջան: