Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  «Վալլեքս գրուպ»-ն օրերս հայտարարեց, որ Թեղուտի հանքի շահագործումը ժամանակավորապես դադարեցվում է և հանքի 1200 աշխատակիցները ազատվում են աշխատանքից:

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն այսօր անդրադառնալով խնդրին, նշեց, որ թեև նախարարությունը տեղյակ է Թեղուտում կատարվողի մասին, սակայն դեռևս որևէ լուրջ ուսումնասիրություն այս ուղությամբ չի կատարվել. «Եղել է ընկերություն, որն իրականացրել է կոնկերտ աշխատանք, իրականացրել է անտառահատումներ, որի վերաբերյալ առկա են եղել փաստաթղթեր: Ընկերությունն իր գործունեության ընթացքում հաշվետու է եղել: Հիմա առաջացել է խնդիր, որը կուսումնասիրնենք և արդյունքները կհանրայնացնենք»:

 

Հարցին՝ արդեն մեկ շաբաթ է՝ «Վալլեքս» ընկերությունը հայտարարել է հանքի փակման մասին, ի՞նչ է արել մինչ այս պահը նախարարությունը, Հակոբյանը պատասխանեց. «Այս պահին դեռևս որևէ քայլ չի կատարվել»:

Նշենք, որ թեև բնապահպաններն ահազանգում էին, որ Թեղուտի պոչամբարը ճաքեր է տվել և թունավոր նյութերը լցվում են հարակից գետեր, սակայն բնապահպանական պետական տեսչությունը հրապարակեց ուսումնասիրության արդյունքներ, ըստ որոնց՝ որևէ խնդիր չի արձանագրվել: Նշենք նաև, որ Թեղուտի խնդիրը գտնվում է ոչ միայն բնապահպանության, այլ նաև Կառավարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության տիրույթում, քանի որ Թեղուտն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ գտնվում է վտանգավոր հանքերի ցուցակում, որոնք շահագործումից առաջ պետք է ենթարկվեն շատ լուրջ ուսումնասիրության։

Իսկ հարցը՝ Թեղուտը փակվելու է մշտական, թե ժամանակավոր՝ մնում է օդից առկախված։ Օդից առկախված է նաև հարցը, թե ինչ գումարներով է վերականգնվելու հանքի շահագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը։