Պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանը Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում տեղադրելու ավագանու որոշման նախագիծն ընդունվեց 43 կողմ, 12 դեմ ձայնով: Նախագիծն ընդունվեց Երևանի ավագանու 2018-ի առաջին նիստում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100- ամյակը և Արամ Մանուկյանի ներդրած նշանակալի ավանդը պետականության գործում ու ծավալած գործունեությունը, առաջարկվել էր տալ համաձայնություն հուշարձանը տեղադրելու համար:
Առաջարկությունը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովում, տրվել էր դրական եզրակացություն, նյութերը տրամադրվել էին ավագանու բոլոր անդամներին: Նախագծի փաթեթի վերաբերյալ առաջացած բոլոր հարցերը քննարկվել էին քաղաքապետարանում: Ինչպես իր ելույթում նշել էր «Ելք» խմբակցության Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին: Իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ընդհանրապես չքվեարկեց: