Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստի օրակարգում է Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու հարցը։
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները:
Գրության մեջ նաև նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
Մահաթմա Գանդին Հնդկաստանի' Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը' առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ:
Մահաթմա Գանդիի ծննդյան օրը' հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ: Մահաթմա Գանդիի արձանի տեղադիրքը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում կապահովի վերջինիս առավել շահեկան տեսողական ընկալումը տարածության մեջ:
«Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման ընդունման կապակցությամբ Երևան համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։