«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելու որոշում։ Այլ կերպ ասած` Արթուր Բաղդասարյանը որոշել է միավորվել Արթուր Բաղդասարյանի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը, և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը»: Մնում է միայն ենթադրել, թե նպատակին չհասնելն ինչ է նշանակում, քանի որ, եթե նպատակը հասարակությանը վերջնականապես հիասթափեցնելն էր, ապա Բաղդասարյանի՝ հերթական ռեբրենդինգի զոհ դարձած քաղաքական ուժը այդ գործը փայլուն է հաջողացրել:
 
Բաղդասարյանը ՕԵԿ-ի «հետողորմյայով» փորձում է պահպանել իր գոյությունը քաղաքական հարթակում, և՝ ոչ միայնհայաստանյան: Դժվար չէ կռահել, որ Բաղդասարյանը մեկ անգամ ևս հուզառատ նամակ կղհի ԵԺԿ նախագահությանը, խնդրել-աղերսելով, որպեսզի ինքն իր հետ միավորված Բաղդասարյանը վերջապես եվրոպական քաղաքական ընտանիքի մաս կազմի: Այն, որ կմերժեն՝ նույնպես կասկածից վեր է, քանի որ եվրոպացիներն Արթուրի «տրյուկներին» վաղուց են ծանոթ: Նման գործելաոճը միանգամայն բնական կարելի է համարել. ի վերջո, Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն իշխանականից ընդդիմադիրի եւ ընդդիմադիրից իշխանության վերածվելու մեծ փորձ ունեն: Բաղդասարյանը քաղաքական դաշտում եղել եւ մնում է անգերազանցելի ճամբարափոխ, ով պատեհ պահին հայտնվում է կամ իշխանության կողքին, կամ ընդդիմության: Հիմա, քանի որ նրանք 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում դուրս մնացին խորհրդարանից, հնարավորություն չունեն նախկինի նման պարբերաբար փոխել քաղաքական կողմնորոշումները (հասկանալի է՝ ՀՀԿ-ն չի ընդունում կոալիցիա), ուստի այլ բան չի մնացել, քան պարբերաբար փոխել անվանումը: Միայն թե, համաձայնեք, անկախ անվանումից` Արթուր Բաղդասարյանի ու նրա թիմի էությունը չի փոխվում:
 
Երեւի թե չեղած ռեսուրսի վրա հույս դրած Արթուր Բաղդասարյանը սպասում է, թե նոր «վերածնունդի» համար ինչպես կարելի է օգտագործել այն պատեհ հանգամանքը, որ հոկտեմբերին Երեւանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի համաժողովը: Ու, ըստ ամենայնի, հենց այդ համաժողովի շրջանակներում էլ Արթուր Բաղդասարյանը ձգտելու է տիրանալ իր վերջին շանսին: Ու, երեւի թե հանուն դրա է նա ֆինանսական ռեսուրս ծախսում կուսակցություն պահելու վրա, ինչպես նաեւ իրեն թույլ է տալիս շարունակել պահել այնպիսի թանկ հաճույք, ինչպիսին է Հ3 հեռուստաընկերությունը, ճիշտ է, անձնակազմին ամիսներով աշխատավարձ չվճարելով եւ գործադուլային վիճակի հասցնելու գնով: Բայց, անգամ եթե նա լավագույնս օգտագործի Ֆրանկոֆոնիայի հնարավորությունները, արդյո՞ք դա կօգնի 2022-ին վերադառնալ խորհրդարան...
 
Ստելլա Խաչատրյան