Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում էր ԱԺ ԵԼՔ խմբակցության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ նախագծի հեղինակների՝ հարկային նախկին դրույքաչափերի վերադարձը կկասեցնի թանկացումներ շղթան, որը սկիզբ է առել մեր երկրում։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հանրապետական գործըներներից հարցրեց՝ իսկ ինչո՞ւ պետք է այդ հարկային բեռը լինի միայն սպառողների վրա, իսկ խոշոր տնտեսվարողներն ավելի շատ մտնեն ստվեր: «Երեւան սիթիի եւ ՍԱՍ սուպերմարկետների հազարավոր աշխատողները գրանցվա՞ծ են, նրանց աշխատավարձը ճի՞շտ է արձանագրված, հարկվո՞ւմ է: Եթե մեկն ունի բարեկամ, հարազատ, ծանոթ այնտեղ, կփաստվի, որ` ոչ: Եթե բյուջե են ուզում լցնել հարկերի միջոցով, դա պետք է բոլորի վրա տարածել, ոչ թե առանձին խմբերի»,-նշեց Թանդիլայնը։

Պատգամավորն առաջարկեց, որ գույքահարկի կադաստրային արժեքը իրական հարկին մոտեցնեն եւ հարկեն այն շքեղ առանձնատները, որ ամեն օր մեր քաղաքում աճում, զարգանում են. «Միգուցե գույքահարկի կադաստրային բազան վերանայենք եւ տեսնենք՝ արդյոք ճի՞շտ ենք հարկում այդ շքեղ ապրող մարդկանց»