ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:
Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի պանիր 145 կգ, ոչխարի պանիր 240 կգ, «Եղեգնաձոր» տեսակի հորած պանիր 32 կգ, հորած պանրի հումք 60 կգ): Աշխատանքներ են տարվում շուկայում առկա հնարավոր խմբաքանակները բացահայտելու և հետ կանչելու ուղղությամբ:
Նշված արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, ինչպես նաև՝ մակնշում: Բացի այդ՝ արտադրությունն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Իրացման ցանցերի պատասխանատուներին և սպառողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ «Սոս և որդիներ» ՍՊԸ-ի արտադրության պանիրը վաճառելուց կամ գնելուց:
Վերահսկողության ընթացքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: