azatutyun.am-ը գրում է․ Քաղաքապետարանում այսօր լարված իրավիճակ էր. լրագրողներին նախ «ընդունված կարգի համաձայն» ներս թողեցին քաղաքապետարանի շենք, սակայն, երբ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեսախցիկների ուղեկցությամբ փորձեց ցույց տալ, թե ինչ մթնոլորտ է քաղաքապետարանում փետրվարի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, հայտնվեց լրատվության վարչության պետ Արթուր Գրիգորյանը՝ հրահանգելով ոստիկաններին դուրս հանել լրագրողներին շենքից:
«Հարգելի գործընկերներ, որևէ մեկը քաղաքապետարանի շենքում իրավունք չունի մտնելու, ցուցադրելու և այլն, դրա համար կխնդրեմ տիկին Փոստանջյան մնալ Ձեր լիազորությունների շրջանակում։ Բոլորիդ խնդրում եմ՝ դո՛ւրս եկեք, որևէ տեղ չեք կարող գնալ։ Ոստիկաններին խնդրում եմ միջամտել։ Որևէ լրագրող իրավունք չունի Երևանի քաղաքապետարանի շենքում առանց մեր թույլտվության հատուկ կանոնակարգի մտնելու և պտտվելու, անգամ, եթե նույնիսկ տիկին Փոստանջյանը կարող է ձեզ ուղեկցի իրեն համար հատկացված խմբակցության սենյակ։ Խնդրում եմ դուրս գալ, էս շենքում նման որոշումներ կայացնելու իրավունքը բացառապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմինն է։ Ոստիկաններին խնդրում եմ միջամտել արդեն», - հայտարարեց Գրիգորյանը։
Ոստիկանները, Արթուր Գևորգյանի կարգադրությամբ, լրագրողներին թույլ չտվեցին անգամ Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ մուտք գործել և այնտեղ հարցազրույց իրականացնել նրա հետ, պնդելով՝ Փոստանջյանը կարգ է խախտել։
Նշենք, որ ընդդիմադիր գործիչը նախ լրագրողներին ցույց էր տալիս քաղաքապետարանի կայանատեղին, որտեղ բազմաթիվ մեքենաներ կային կայանված, մինչդեռ «Երկիր Ծիրանի»-ի ծառայողական մեքենայի մուտքը տարածք՝ փետրվարի 13-ի միջադեպից հետո արգելվել է։
«Կարելի է ասել, որ տարբեր կարգավիճակ ունեցող անձինք կարող են այստեղ մուտք գործել՝ սկսած թաղային խուժաններից, որոնց մենք տեսնում ենք ընտրությունների օրերին հատկապես, երբ նրանք ակտիվանում են և իրենց սև գործն են կատարում և իհարկե պատահական մարդիկ, ովքեր որ չես հասկանում ինչու են այստեղ մուտք գործել իրենց մեքենաներով և իրենց վարորդների հետ միասին։ Հիմա, որ շրջենք կտեսնեք տարբեր տեսակի մեքենաներ, սակայն այն մեքենան, որը տրամադրվել է մեր խմբակցությանը, մեզ թույլ չեն տալիս, որպեսզի այդ մեքենան մուտք գործի՝ առանց որևիցե պատճառաբանության։ Ասում են, որ ցուցակի մեջ չկա, մինչ դեռ ցուցակի մեջ թաղային խուժանների մեքենաները կան», - ասաց Փոստանջյանը։
Փոստանջյանը նաև լրագրողներին ցույց էր տալիս, թե ինչպես են թղթախաղ խաղում քաղաքապետարանում։
«Այս սեղանին խաղաթուղթ է մշտապես դրված, նարդի է դրված, խաղաթղթերը նայեք, իսկ մեր սենյակը, տեսեք, աղբը չեն գալիս հավաքեն։ Սա հիմնականում այդ բոլոր ձրիակերներն են, ովքեր մեր հանրության հաշվին աշխատում են որպես թիկնապահ կամ վարորդ, կամ ուղեկցող, հարկ եղած դեպքում նաև բռնություն կիրառող, այդպիսի մարդիկ այս սենյակում են և այստեղ տարբերսենյակներ կան, բոլոր սենյակներն, ըստ էության, կարող են այսպիսի խաղատան կամ խաղասենյակի համար ծառայել», - ասաց Փոստանջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում