Մարդը, ով ամեն օր կրկնում է, որ ժողովրդի կողքին է՝ մի ուրիշ դավ է հյուսում: Այդ մասին այսօր՝ մարտի 11-ին,մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով, այն դիտարկմանը, որ բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ ժողովրդի կողքին են։
«Այդ լավ բանաձեւն էլ աղտոտեցին։ Յուրաքանչյուր մարդ դոշը ծեծելով մտածում է, ժողովուրդն էլ հավատում է, գիշերը չի քնում, մտածում է, երբ պետք է առավոտը գա, որ այդ գործիչը ժողովրդի կողքին լինի։ Մարդն իր էությամբ պետք է այդպիսին լինի։ Մարդը, ով ամեն օր կրկնում է, որ ժողովրդի կողքին է՝ մի ուրիշ դավ է հյուսում։ Ինքը ժողովուրդ լինելով՝ փորձում է իր հրամայականը, իր արարումները ներկայացնել հասարակությանը։ Իսկ ժողովրդի կողքին լինել նշանակում է զուսպ ապրել, բարեկիրթ ապրել եւ,չհաշված մարդկային թուլությունները. ամբասիր ապրել։ Դրանք ժողովրդի կողքին են եւ երբեք չեն ասում այդ մասին»,- ասաց Գ. Սահակյանը։
Ճշտող հարցին, թե արդյոք գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զուսպ եւ բարեկի՞րթ է, Սահակյանը պատասխանեց. «Տղա ջան, ես կարծում եմ, եթե Սամվել Ալեքսանյանի պես մարդիկ չլինեին, դու լրագրող էլ չէիր լինի։ Սամվել Ալեքսանյանը, մոտավորապես 40 հազար աշխատողներ ունի։ Այլ բան է, որ մենք էլ ենք համարում, որ ինքը, քաղաքականությունն ու բիզնեսը նույն դաշտում են գտնվում։ Պետք է մի գիծ քաշվի, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։ Եվ այդ գիծը պետք է քաշի հասարակությունը եւ իշխանությունների մոտեցումը»։
Հարցին, թե ՀՀԿ-ականների քանի՞ տոկոսն է ժողովրդի կողքին, ելնելով իրենց բարեկրթությունից եւ զսպվածությունից՝ Սահակյանն արձագանքեց. «Տոկոսները դոլարային խնդիր են։ Հարցս ուղղեմ ձեզ, դուք բարեկի՞րթ եք, թե՝ ոչ։ Լրագրողի որեւէ պրովոկացիոն (սադրող- խմբ.) խոսքը կարող է մարդուն կաթվածի հասցնել։ Ինչ տարբերություն, խոսքով ես կրակում, թե՝ զենքով։ Սրանք համարժեքվում են իրար»։
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am