«Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ, ոչ էլ զենք ունեմ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
Նա վստահեցրեց՝ ինքը թիկնազոր չունի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ամենևին իրեն չի վերաբերում։Հիշեցնենք՝ երեկ Դավիթաշենում կայացած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռևս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ չակերտավոր հատուկ ծառայությունները սափրագլուխների, ախրանաների տեսքով՝ հայտնաբերվելու և ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Ես ԱԱԾ-ին ու ոստիկանությանը հրահանգում եմ հենց այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին: Վանեցյան և Օսիպյա՛ն, ձեզ տալիս եմ 2 ժամ՝ ինձ որևէ նորություն հայտնելու համար»,- հայտարարել էր Փաշինյանը: