«Որ պահին Դուք լինեիք իմ աշխատանքի գնահատողը, որ պահին որ Դուք որոշեիք, որ ես հաջողակ դատախազ եմ եղել, դա ինձ համար կլիներ անձնական վիրավորանք»,-այսօր Ազգային Ժողովում անցկացվող լսումների ժամանակ իր հասցեին հնչած մեղադրանքներին ի պատասխան՝ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
Վերջինիս խոսքով՝ Ազգային ժողովի դահլիճում և այդ դահլիճից դուրս իր արտահայտած ցանկացած կարծիքի համար ինքը և՛ իրավական, և՛ բարոյական հարթության վրա պատասխան է տվել և տալու է՝ անկախ նրանից՝ իրեն քննադատողները դա հասկանում են, թե ոչ։
Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ նմանատիպ քննարկում նախաձեռնելու համար և հույս հայտնեց, որ 2008թ.-ի մարտի մեկին և երկուսին կատարվածի վերաբերյալ այս քննարկումը նոր խթան է հանդիսանալու ավելի գրագետ իրավական լուծումներ ստանալու համար․ «Շնորհակալություն եմ հայտնում քննարկման համար, շնորհակալ եմ նաև բանախոսներին՝ անկախ նրանից՝ այդ կարծիքները ընդունելի էին, թե ոչ»։
Ներկաներին շնորհակալություն հայտնեց նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խորհուրդ տալով Մարտի մեկի մասին խոսելիս հասարակությանը չբաժանել մենք-ի և դուք-ի։ Մարտի մեկը հնարավոր չէր լինի, եթե մեր հասարակությունը չբաժանեինք մենք-ի և դուք-ի: Պետք է լինի հանդուրժողականություն։ Անհանդուրժողականությամբ մենք որևէ լավ տեղ չենք տանում։ Գոնե դա՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերից չի բխում»։