Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին «Սարոյան հաուս» նախագծին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից անցկացվող«Սարոյան հաուս» նախագծի շրջանակում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և«Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը փետրվարի 23-ին հանդիպել են Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին և ներկայացրել նախագիծը։

Ինչպես տեղեկացրին«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակարգը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։

Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։ Շեշտվել է նաև այն փաստը, որ Սարոյանը ունեցել է համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։

Թանգարանի բացումը նախատեսվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110-ամյակին։