Հայաստանում իշխող կոալիցիայի կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ:
«Օրինաց երկիր» կուսակցության համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեցկուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն ՕԵԿ-ի հետ չի հանդիպել: «Արմեն Սարգսյանը դիմել է հանդիպման համար, ուղղակի երկուստեք հարմար չի եղել: Առաջիկա երկու օրերին անպայման կհանդիպենք»,-նշեց նա:
Հարցին, ինչպես է վերաբերվում ՀՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը, Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ որպես մարդ շատ լավ է վերաբերվում նրան, քանի որ գրագետ և բարեկիրթ անձնավորություն է:
«Որպես մտահոգություն ցանկանում եմ հնչեցնել, որ Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ չի եղել, չի ապրել մեր ժողովրդի դարդով, հոգսով, ցավով: Սա մի փոքրիկ մտահոգություն է, որ ես ունեմ: Սակայն ես ծանոթ եմ նրա հետ, նրան գիտեմ որպես բարեկիրթ, կրթված և փորձառու անձնավորություն: Կարող եմ միայն հաջողություն մաղթել նրան», - ասաց Բաղդասարյանը: