Այս կամ այն տեղեկատվական, առավել ևս՝ ոչ պաշտոնական հարթակներում Հանրապետության նախագահին վերաբերող տեղեկությունները, նրան վերագրվող տարբեր խոսքերը, մտքեր, այդ թվում՝ նաև ընտրությունները բոյկոտելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից` ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն խոսակցությունները, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ունի քաղաքական ծրագրեր, հովանավորում է որոշ քաղաքական ուժերի, ինչպես նաև օրերս տելեգրամյան ալիքներից մեկի տարածած տեղեկությունը, թե նախագահը կոչ է արել բոյկոտել ընտրությունները:

«Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով: Նախագահն, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ: Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի: Այդ թեմայով տարածվող բոլոր տեղեկությունները բացարձակապես կեղծ են ու մտացածին, իսկ շահարկումները անընդունելի»,- պատասխանել են նախագահի աշխատակազմից:

Նախագահականից ընդգծել են` Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`

www.president.am
Twitter – https://twitter.com/Arm_President
Telegram – https://t.me/armenSarkissian
Facebook – https://www.facebook.com/Armpresident/
Instagram – https://www.instagram.com/president_armensarkissian/
YouTube –  https://www.youtube.com/channel/UCW_zKv6QJEtMaPo0cHK2W0g»