«Վերաքննիչի որոշումը բնականաբար լավ չեմ գնահատում: Ես ակնկալում էի արդարություն ընդամենը, որպեսզի ճիշտ դատական ակտ կայացվեր և բավարարվեր բողոքը: Մեր բողոքը հիմնավոր է եղել, հիմնված է եղել փաստերի, ճիշտ քրեաիրավական դատողությունների վրա և պետք է որ բավարարեր: Մենք պատրաստ ենք Վճռաբեկ բողոքի»,- այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի վճռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Արտաշես Քալաշյանը:
Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը հրապարակեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով վճիռը՝ անփոփոխ թողնելով դատավճիռը:
«Ես բազմիցս նշել եմ, որ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու շարժառիթը գործում նշված չէ: Լավ, դրդեց, բայց ինչի՞ համար, նպատակը ո՞րն է, գործում բացարձակ որևէ տվյալ չկա այդ մասին, այնինչ՝ պարտադիր պետք է լիներ»,- ասաց պաշտպանը:
Մամուլում հրապարակումներ եղան, թե այդ «Իգլայով» պետք է ոչնչացներ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղղաթիռը, նման տվյալներ Ձեզ հայտնի՞ են, հարցին ի պատասխան՝ Քալաշյանն ասաց. «Դրանք անհեթեթ տվյալներ են»:
Նա ընդգծեց, որ Սամվել Բաբայանը մտադիր է մինչև վերջ բողոքարկել արդարացման համար:
Սոնա Հարությունյան