Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում ընթանում է հարցուպատասխան` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի և ԱԺ պատգամավորների միջև:
 
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արմեն Սարգսյանին չի՞ մտահոգում, որ նա միակ թեկնածուն է և որ ընտրվելու փոխարեն՝ նշանակվում է Հանրապետական կուսակցության կողմից, արդյոք չէ՞ր ցանկանա՝ լինեին քաղաքական դեբատներ:
 
«Մեկ թեկնածու եմ, թե ոչ՝ հարցը ինձ չի ուղղված: Սահմանադրությունը ես չեմ գրել, ես միայն քվեարկել եմ: Հարցն ինձ ուղղված չէ: Ես գործում եմ այսօրվա Սահմանադրության սահմաններում: Եթե ընտրվեմ, կարող ենք զրույց ունենալ, թե Սահմանադրության մեջ ինձ ինչ հարցեր են անհանգստացնում: Ես կուզենայի տեսնել Սահմանադրություն, որը լայն իրավունքներ է տալիս բոլոր քաղաքացիներին: Ես մեխանիզմները չեմ հասկանում, եթե ուրիշ թեկնածու լիներ՝ ինչպե՞ս էր առաջադրվելու:
 
Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուին, ապա ես խորին հարգանք ունեմ «Ելք»-ի թեկնածու Արտակ Զեյնալյանի հանդեպ և հայտնաբերել եմ խելացի, տրամաբանական մարդու: Եթե ընտրվեմ, ուրախ կլինեմ նրա հետ աշխատել»,- ասաց Արմեն Սարգսյանը:
 
Անդրադառնալով վերջին շրջանում ամենաքննարկվող հարցին՝ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, թե ոչ, Մանե Թանդիլյանն ասաց. «Այդքան բա՞րդ էր հրապարակել դա հաստատող տեղեկանքը»:
 
 «Ինչ փաստաթուղթ պահանջվել է՝ ներկայացրել եմ»,-պատասխանեց Արմեն Սարգսյանը: 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Փաշինյանն էլ նկատեց, որ իրենք չեն քննարկում՝ նա ծագումով և էությամբ քաղաքացի է, թե՝ ոչ, ընդամենը փաստաթուղթ են պահանջում. «Երբ ասացիք, որ 2011 թ. դեկտեմբերին դիմում եք գրել ՀՀ քաղաքացի դառնալու համար՝ մեր խմբակցությունը դա ընդունել է ի գիտություն, որը, սակայն, պետք է հիմնավորվի փաստաթղթով: Իսկ դուք ստորագրե՞լ եք դրա տակ: Ինչի՞ 
չեք հրապարակում այդ դիմումը և բոլոր այս խոսակցությունները կդադարեն: Երկու ամիս է՝ այս խոսակցությունը գնում է, էնպիսի տվավորություն է, որ Դուք այդ հարցում Ձեզ մեղադրյալի կարգավիճակում եք զգում»,- նկատեց Փաշինյանը: 
 
«Այո՛, այդ փաստաթղթի տակ կա իմ ստորագրությունը: Բայց այդ փաստաթուղթը փաստացի նրա մասին է, որ այդ ընկերությունը, որտեղ գրանցվել եմ՝ գտնվում է սառեցված վիճակում: Այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես քաղաքացի եմ, թե՝ ոչ: Ստորագրելիս ես նույնիսկ չեմ բացել և չեմ էլ կարևորել՝ ես քաղաքացի եմ, թե՝ ոչ: Դա քաղաքացիության փաստաթուղթ չէ»,- ասաց Սարգսյանը: