Արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի մշակման վերջին մրցավազքն ապացուցում է, որ մարդկությանը խիստ անհրաժեշտ է մեծացնել արհեստական բանականության մասին իրազեկվածության մակարդակն ու սահմանել դրան վերաբերող հստակ կանոնակարգեր և կիրառման մեխանիզմներ։
Այս մասին Newsweek պարբերականում հրապարակված սյունակում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշում է, որ վերջերս հրապարակված բաց նամակը, որը վեցամսյա մորատորիումի կոչ էր անում արհեստական բանականության (AI- artificial intelligence) համակարգերի ուսուցման համար, հակասություններ է առաջացրել: Նամակը ստորագրած բազմաթիվ նշանավոր անհատների թվում է Իլոն Մասկը, որն օրեր անց հայտարարեց իր սեփական AI նախագծի մասին:
Այս վեճը ոչ միայն ավելորդ է և անիմաստ, այլև մեր՝ որպես մարդ արարածների, մտածելակերպի սահմանափակության ակնհայտ վկայություն է, և խոսում է արհեստական բանականության վերաբերյալ իրազեկության բարձրացման և դրա շուրջ մանրակրկիտ կանոնակարգերի ու կիրարկման մեխանիզմների ստեղծման հրատապ անհրաժեշտության մասին:
«Որպես գիտնական, դիվանագետ, գործարար և քաղաքական գործիչ՝ իմ կյանքի ընթացքում ես մոտիկից հետևել եմ դարակազմիկ իրադարձությունների՝ Խորհրդային Միության փլուզումից մինչև ճնշված ազգերի ազատագրում, տեխնոլոգիայի տարածումից մինչև մարգինալացված անհատների հզորացում։ Բայց յուրաքանչյուր ձեռքբերում խարխլվել է՝ այդ իրադարձությունների հետևանքների դեմ անկեղծ պայքարում զուտ մարդկային ձախողման պատճառով։ Լինենք հստակ․արհեստական բանականությունը վիթխարի ձեռքբերում է։
Տեխնոլոգիան, որին մենք հիմա տիրապետում ենք, թերևս նույնքան նշանակալի է, որքան միջուկային էներգիան։ Այն կարող է շատ արագ բարձրացնել մարդկությանը, բայց, միևնույն ժամանակ, մարդու կողմից հստակ վերահսկողության բացակայության պարագայում կարող է մեզ դատապարտել ստրկության։ Թե ինչ կանենք հիմա՝ այս կարճ ակնթարթում, դա կվճռի մեր ճակատագիրը»,- գրում է Արմեն Սարգսյանը։ Նա արձանագրում է, որ արհեստական բանականությունը կարող է հեղափոխել կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունից, կրթությունից և առողջապահությունից մինչև ֆինանսներ և տրանսպորտ՝ բարձրացնելով արտադրողականությունն ու բարելավելով մարդկանց կյանքը։
«Մենք չպետք է վախենանք արհեստական բանականությունից։ Պետք է լրջորեն անհանգստանանք դրա չարաշահումից և սխալ կիրառումից։ Ավտոմատացման նպատակը պետք է լինի մարդու կյանքի որակի բարելավումը։ Մարդկային էակները, որոնց աշխատանքն այս տեխնոլոգիական զարգացման պայմաններում խոցելի է, չպետք է դիտարկվեն որպես երկրորդական հարց։
Միևնույն ժամանակ, մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել գաղտնիության խնդիրը, քանի որ վերլուծության նպատակով շատ մեծ քանակությամբ տվյալներ են ներմուծվում մեծ ընկերությունների և կառավարությունների կողմից վերահսկվող ԱԲ մեքենաների մեջ»,- նշում է Հայաստանի չորրորդ նախագահը։
Նա ընդգծում է, որ որոշ պետությունների արհեստական բանականությունը հնարավորություն է ընձեռել մշակելու ուղիներ ու միջոցներ, որոնցով նրանք կարող են սպառնալ ավելի մեծ տերություններին, քանի որ ԱԲ միջոցով կառավարվող սարքերը կարող են գործի դրվել՝ մանիպուլացնելու հանրային կարծիքը, բեմադրելու կիբերհարձակումներ կարևոր ենթակառուցվածքների վրա:
«Հաշվի առնելով այս և շատ այլ ռիսկեր՝ չափազանց կարևոր է, որ արհեստական բանականության զարգացումը կարգավորվի և դիտարկվի թափանցիկ միջազգային մարմնի կողմից։ Սա կպահանջի համաշխարհային մակարդակով համագործակցություն և կոնսենսուս»,- գրում է Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, սակայն, որ ներկայիս միջազգային իրադրությունը հեռու է այդ ամենին հասնելու բարենպաստ միջավայր լինելուց։ Նա նշում է, որ ԱԲ նկատմամբ տեղական մակարդակով վերահսկող մեխանիզմները պետք է ուղղված լինեն սոցիալական հուզումների կանխմանն ու մարդկային արժանապատվության պահպանմանը։
«Տեխնոլոգիաների նպատակը պետք է լինի մարդկանց բարօրության խթանումը, ոչ թե միայն արդյունավետության կամ եկամուտների ավելացումը»,- գրում է հեղինակը, ով համոզված է, որ չի կարելի թույլ տալ արհեստական բանականությունն օգտագործել տիրող անհավասարության պահպանման կամ ավելի խորացման նպատակով։
Արմեն Սարգսյանն անխուսափելի է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը նաև ռազմական գործում ու զինված ուժերում՝ նշելով․ «Մենք մտնում ենք նոր գլոբալ տեխնոլոգիական մրցավազք, որը տեսանելի ապագայում հանգեցնելու է ամենաժամանակակից նորարարությունների ներմուծմանը ռազմական ոլորտ։ Բոլոր գերտերությունները կձգտեն կիրառել այս նորարարությունները, իսկ նրանք, որոնք հետ կմնան, ի ցույց կդնեն իրենց խոցելիությունը, որը գործնականում անհնարին կլինի կոծկել սովորական զենքով։
Իմ երջանկահիշատակ ընկեր Սթիվեն Հոքինգը նախազգուշացրել էր այն ապագայի մասին, որտեղ արհեստական բանականությունը կստրկացնի մարդկությանը։ Իսկ ես վախենում եմ այն ապագայից, որտեղ արհեստական բանականությունը գերտերություններին ինքնաբերաբար կմղի ոչնչացնել մարդկությանը»։ Հայաստանի չորրորդ նախագահը համոզված է, որ արհեստական բանականության՝ ռազմական բնույթի մարտահրավերին ոչ մի երկիր, առավել ևս՝ տեխնոլոգիական ընկերություն, չի կարող միայնակ դիմակայել։
Ուստի, դա պետք է մարդկանց դրդի մշակել կանոններ, որոնք կպաշտպանեն մեր՝ որպես գոյություն ունեցող առանձին տեսակի շահերը։ «Հաշվի առնելով մարտահրավերները, մեծ տերությունների՝ արհեստական բանականության կառավարման ձախողումը վկայում է նրանց քարացած մտածելակերպի և կարճատեսության մասին: Կարո՞ղ են նրանք մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և գլոբալ համաժողով հրավիրել արհեստական բանականության կարգավորման վերաբերյալ:
Քանի որ պատասխանը միանշանակ չէ, իսկ աշխարհը սպասելու ժամանակ չունի, արհեստական բանականության մարտահրավերին համարժեք գլոբալ պատասխանը ի մի բերելու բեռը կարող են կրել փոքր երկրները։ Ատոմային ռումբի հայտնվելուց ի վեր միջազգային հարաբերություններում ուժերի հավասարակշռությունը հիմնված է միջուկային տերությունների գերակայության վրա, որոնք ձևավորում են խաղի կանոնները և սահմանում կարմիր գծեր մնացած բոլորի համար:
Արհեստական բանականությունը փոքր, բայց խելացի ու պատասխանատու երկրների համար կարևոր հնարավորություն է ստեղծել կառուցողական դերակատարում ունենալու այս հարցում, և պահն է, որ նման պետությունները միավորվեն ու առաջատարի դեր ստանձնեն՝ համաշխարհային համաժողով հրավիրելու, հակամարտող գերտերությունների միջև միջնորդ հանդիսանալու և ԱԲ վերաբերյալ միջազգային համաձայնության գալու նպատակով։
Միակ լուծումը պատասխանատու դերակատարների կողմից կազմակերպված համաշխարհային երկխոսությունն է՝ ձևակերպելու և համակարգելու կանոններն արհեստական բանականության շուրջ։ Պետք է դադարեցնել ոչ թե տեխնոլոգիական աճը, այլ՝ տարաձայնությունները ժողովուրդների միջև՝ Եվրոպայից մինչև Ասիա, որոնք արգելակում են մարդկության նվաճումներն ի բարօրություն մարդկանց օգտագործելու՝ մեր կարողությունը»,- եզրափակում է Արմեն Սարգսյանը։