Այսօր՝ մարտի 6-ին, Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն:Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մատենադարանի կայքէջի խմբագիր Արամ Թորոսյանը։
Քիչ առաջ ավարտվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ներառված էր տնօրենի ընտրության հարցը: Նշենք, որ տնօրենի ընտրությունը կայացավ փակ գաղտնի քվեարկությամբ, նիստն անցավ դռնփակ։
Թորոսյանը նշեց, որ «Մատենադարան»-ի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում է ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:
Նշենք՝ Վահան Տեր-Ղևոնդյանը երկար տարիներ աշխատել է ԱԳՆ համակարգում, 2012-ից եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, 2014.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը): 2016 թ. սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար: 2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:
Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաև ֆրանսերեն և արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել և հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի ևս վեց այլ գրքեր:
Սոնա Հարությունյան