Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:
Դեռևս փետրվարի 22-ին թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 30 թեկնածու։ Նրանցից 5-ը անցել էին մրցույթի երկրորդ փուլ․ որպես «անցողիկ» թեկնածու քննարկվող Ստեփան Զաքարյանը, հաղորդավար Տիգրան Հարությունյանը, Կամերային թատրոնի տնօրեն, Ռադիոլուրի նախկին ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը, «Ինչ է ուզում կինը» հաղորդաշարի հեղինակ Լիլիթ Մելքոնյանը և Գարեգին Խումարյանը։
Նկատենք, որ մրցույթի ավարտի երկարաձգումը կապվում էր Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի ընտրության հետ։ Այսինքն՝ կար որոշակի պայմանավորվածություն միմյանց միջև, սպասում էին՝ ընտրվի ՀՌԽ նախագահ, որպեսզի նրա հետ, այսպես ասած, համաձայնեցնեն՝ ում ընտրել տնօրեն։ Ապրիլի 1-ին ՀՌԽ նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը, այսօր արդեն՝ Հանրային ռադիոյի տնօրեն։
Սակայն այս ընտրությունը հարթ չանցավ, մասնավորապես, տնօրենի ամենահավանական թեկնածու Ստեփան Զաքարյանը ինքնաբացարկ հայտնեց՝ անհայտ պատճառներով։ Ռուբեն Հակոբյանն էլ հրաժարվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Նշենք, որ Հանրային ռադիոյի աշխատակիցներն իրենց հերթին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով՝ ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ են կոշտ քայլերի։
Ձևավորված հեռուստատեսության և ռադիոյի մրցութային նոր հանձնաժողովի կազմում էին Լևոն Գալստյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Երվանդ Երզնկյանը, Սարգիս Նաջարյանը, Մարատ Օրդյանը։
Սոնա Հարությունյան