Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի շենքի դիմաց, վրաերթի ենթարկված քաղաքացին 75-ամյա Մարիա Գ.-ն է:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ և տեղում մահացել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:
Աղբյուրի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին է ու նախկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան: