Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 14-ի նիստում կքննարկի «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ին ՀՀ պետբյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին որոշումը: ՀԾԿՀ 2008 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանված է մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը: Սակայն ընկերությունն այն երկարաձգելու հայտով չի դիմել հանձնաժողով, ինչպես նաև պատշաճ կարգով չի կատարել վճարման պարտավորությունը: Ընկերության պարտքը 2018 թվականի փետրվարի 22-ի դրությամբ կազմում է 334 հազար 119 դրամ:

Ընկերությունն իրավասու է` սույն որոշման հրապարակումից հետո երեսնօրյա ժամկետում միջնորդել Հանձնաժողովին` վերանայելու այն: Ինչպես նաև այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

2015 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել:

«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ սեփականատերը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է: