Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինական «Նավթոգազը» պատրաստ է մինչև մայիսի վերջ Ռուսաստանին փոխանցել մոտ 4 միլիարդ դոլար՝ պայմանով, որ կպահպանվի տարեսկզբին գործած ռուսական գազի գինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 268.5 դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Իգոր Դիդենկոն:

 

Ըստ նրա՝ իրենց առաջարկած գումարի չափը համապատասխանում է մատակարարումների համար «Գազպրոմին» Ուկրաինայի ընթացիկ պարտքի չափին: Դիդենկոն հավելել է, որ «Նավթոգազը» արդեն իսկ «Գազպրոմից» ստացել է հունիսյան մատակարարումների համար կանխվճարը (1.66 միլիարդ դոլար), սակայն իրենք դեռ չեն պատրաստվում կանխավճար անել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել էր, որ չարդարացված որոշում է համարում ապրիլի 1-ից «Գազպրոմի» կողմից Ուկրաինայի համար գազի գնի բարձրացումը՝ հույս հայտնելով, որ գազի ժամանակավոր գնի հարցում համաձայնություն ձեռք կբերվի մինչև մայիսի վերջ. «Մենք դեռ ունենք երկու շաբաթ՝ կանխելու համար Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր խափանումները: Եթե կողմերից մեկին չգոհացնի ժամանակավոր գինը, ապա նա կարող է հարցի լուծման համար դիմել միջնորդ դատարան: Ներկայումս մեր գլխավոր առաջադրանքը մատակարարումների խափանումներից խուսափելն է»,-նշել է նա: