Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրամիությունը պայմանավորվել են շարունակել գազային հարցերով եռակողմ բանակցությունների ֆորմատը: «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ' այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

 

«Եռակողմ հանդիպման ամսաթվի հարցում այսօր չենք պայմանավորվել, սակայն պայմանավորվել ենք, որ անհրաժեշտ է շարունակել եռակողմ աշխատանքային խմբերի ֆորմատով աշխատանքները: Պայմանավորվել են մեր ղեկավարները:

 

Ամսաթիվը չի քննարկվել: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Պարոն Էթթինգերի հետ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին, այնտեղ էլ կպայմանավորվենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Մինսկում ասել է Նովակը, որտեղ տեղի է ունեցել Մաքսային Միության երկրների առաջնորդների, Եվրամիության ներկայացուցիչների և Ուկրաինայի նախ ագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը:

 

Գազային հարցերով եռակողմ բանակցությունները ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրամիության միջև շարունակվել են ապրիլից մինչ հունիսի կեսերը, սակայն արդյունք չէր արձանագրվել: Պաշտոնական Կիևը պնդում էր ռուսական գազի գնի կտրուկ իջեցում' հակառակ դեպքում հրաժարվելով մարել պարտքը, որն այդ ժամանակ կազմում էր 4,5 միլիարդ դոլար: Ռուսաստանն իր հերթին առաջարկում էր զեղչ, սակայն ոչ նրա չափը և ոչ էլ մեխանիզմը Ուկրաինային ձեռնտու չէր: Դրանից հետո ռուսական կողմը հայտարարել էր, որ պատրաստ կլինի շարունակել բանակցությունները միայն պարտքի մարումից հետո: