Ռազմական գործողությունները Ուկրաինայում կարող են դադարել, եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Լուգանսկի և Դոնեցկի, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետությունների» (ԼԺՀ և ԴԺՀ) զինված խմբավորումները կատարեն Մինսկի համաձայնագրի պայմանները:
Այս մասին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ փետրվարի 2-ին կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Վերջին օրերին Ուկրաինայի հարավ-արևելքում վերսկսված մարտական գործողությունները դարձել են նոր մարդկային կորուստների պատճառ, ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զիվորականների շրջանում: Կողմերը մեղադրում են միմյանց մարտական գործողություններ սանձազերծելու մեջ: Անարդյունք է անցել հուվարի 31-ին Մինսկում կայացած կոնտակտային խմբի հանդիպումը:
Պաշտոնական Կիևը ներկայացնող Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման մեղադրել է ինքնահռչակված Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների բանակցությունները Մինսկում տապալելու համար: Վերջիններս էլ իրենց հերթին մեղադրում են ուկրաինական իշխանություններին իրավիճակը տարածաշրջանում սրելու և սեփական զորքը վերահսկելու անզորության մեջ:
Լուգանսկում և Դոնեցկում Ուկրաինայի դեսպանի կարծիքով բարդ իրավիճակ է ստեղծվել: Այդ ռեգիոններում վերջին օրերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ, դեսպանը գնահատեց, որպես «ԼԺՀ և ԴԺՀ զինված խմբավորումների կողմից իրականացված ահաբեկչություն»:
«Կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այդ զինված խմբավորումների վրա: Զոհվել են խաղաղ բնակիչներ, որոնք որևէ կապ չունեին ռազմական գործողությունների հետ», - հայտարարեց Կուխտան:
Նա տեղեկացրեց, որ կատարվածի առթիվ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն են այցելել և ցավակցությունների գրքում գրառում թողել ՀՀ իշխանությունների, արտաքին գործերի նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայցուցիչներ:
Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող կոնֆլիկտում, դեսպանի պնդմամբ, առկա է երեք կողմ: «Այս կոնֆլիկտում երեք կողմ կա. առաջինը Լուգանսկի, Դոնեցկի անօրինական զինված ուժերն են, մյուսը Ուկրաինայի կոմպետենտ մարմիններն են՝ Ոստիկանություն, զինված ուժեր, և երրորդ կողմը Ռուսաստանի Դաշնությունն է», - նշեց նա՝ հավելելով, որ զինված գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում կդադարեն այն ժամանակ, երբ կոնֆլիկտի կողմերից մեկը՝ Լուգանսկի, Դոնեցկի «անօրինական զինված ուժերը», կատարեն անցած տարի սեպտեմբերին Մինսկում կնքած համաձայնագրերը:
Հարցին, արդյոք Մինսկում կնքած համաձայնագրերը դեռ մնում են ակտուալ և հանդիսանում են կոնֆլիկտի լուծման ճանապարհ, դեսպանի պատասխանը դրական էր:
«Դրանք ընդունված են միջազգային հանրության կողմից: Այդ համաձայնագրերը հրավիրում են ողջ միջազգային հանրության ուշադրությունը: Եթե բոլոր կողմերից այդ պայմանները ի կատար ածվեն, իհարկե, խաղաղություն կհաստատվի, և պատերազմը կավարտվի», - հավաստեց դիվանագետը:
Նա տեղեկացրեց, որ Դոնեցկում և Լուգանսկում հումանիտար իրավիճակը բարդ է, քանի որ գնում են ռազմական գործողություններ:
«Տարածաշրջանում ռազմական գործողություններ են ընթանում: Նորմալ կենսակերպը խախտված է: Ուկրաինայի կողմից արվում է ամեն ինչ տեղում մարդկանց կենսագործունեությունը ապահովելու համար: Տրամադրվում է հոսանք, ջերմություն, կապ, նպաստներ և թոշակ: Սակայն գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում սոցիալական վճարները չեն կարող տրամադրվել, քանի որ շատ բանկեր չեն գործում և այնտեղ մտնող գումարները չեն վերահսկվում», - ասաց Կուխտան:
Ասուլիսի ավարտին դեսպանը նշեց, որ Ուկրաինան կողմնակից է Մինսկի համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և պատրաստ է քննարկել Դոնեցկում և Լուգանսկում իշխանության ապակենտրոնացման հարցը: