Ուկրաինական կողմը պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ' Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան: «Մենք պատրաստ ենք բոլոր մակարդակներով բանակցություններ անցկացնել մեր ռուս գործընկերների հետ»,- ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ' ասել է Դեշիցան:
Նրա խոսքով' այժմ ըմբռնում կա, որ պետք է ստեղծել ինչ որ մեխանիզմ, բանակցային դաշտ' վիճելի հարցերի կարգավորման համար: Բացի բարձր մակարդակի բանակցություններից' դիտարկվում են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այլ մակարդակներով փոխգործակցության ուղիները:
«Քննարկումներ կարող են անցկացվել հասարակական, հոգևոր և մշակութային գործիչների միջև: Մենք ցանկանում ենք գտնել յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի ՌԴ-ի հետ երկխոսությունը կանգ չառնի»,- ընդգծել է Դեշիցան:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով Ղրիմի տարածաշրջանի ղեկավարությունը որոշում է կայացրել հանրաքվե անցկացնել, որում կներառվի ՌԴ-ին միանալու հարցը: