Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի պատմության և շինաշխատանքների ոլորտում արձանագրված խախտումների վերաբերյալ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» վերտառությամբ։
Հրապարակված հոդվածում ներկայացված է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության պատմության, վարկավորման գործընթացի և արդեն օգտագործված վարկերի մասին հստակ վիճակագրություն և նշված է, որ արձանագրվել են մի շարք խնդիրներ։
Մասնավորապես՝ 2012 թվականին հայտարարված ուսումնասիրությունների համաձայն՝ Հյուսիս-հարավ 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը գնահատվել էր 962 մլն. ԱՄՆ դոլար, որից 500 մլն. ԱՄՆ դոլարի չափով պետք է վարկավորեր Ասիական զարգացման բանկը, Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորումը կազմելու էր 115 մլն. ԱՄՆ դոլար և այլն:
Առ այսօր, սակայն, Վրաստանի և ԻԻՀ հետ համաձայնեցված չէ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նման ճանապարհի կառուցման հարցը: Բացի այդ, բավարար հիմնավորված չէ, թե ինչու ներդրումային ծրագիրը սկսվեց Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ համեմատաբար լավ վիճակում գտնվող ճանապարահատվածների շինարարությամբ, մյուս կողմից մասնագետները բավարար անվտանգ չեն համարում սահմանի մոտով՝ Երասխով, հյուսիս-հարավ ճանապարհի անցկացման մոտեցումը։
15.09.2009 թվականին ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի համաձայն՝ վարկավորման վերջին տրանշը պետք է տրամադրվի 2017 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ներկայում Ասիական զարգացման բանկի հետ ստորագրված են հետևյալ տրանշները՝
Տրանշ 1. (Երևան–Աշտարակ 11, 4կմ, Երևան–Արտաշատ 19, 6կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 31կմ, արժեքը՝ 70.4 մլն. ԱՄՆ դոլար–12.10.2009 թ.։
Տրանշ 2. (Աշտարակ – Թալին) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42կմ – ար ժեքը՝ 179.6 մլն. ԱՄՆ դոլար – 30.05.2011 թ.։
Տրանշ 3. (Թալին-Լանջիկ 18, 7 կմ, Լանջիկ-Գյումրի 27, 5 կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 46, 2կմ, արժեքը՝ 100 մլն. ԱՄՆ դոլար՝ Ասիական զար գացման բանկ, 60 մլն. եվրո (վարկ) և 12 մլն. Եվրո (գրանտ)՝ Եվրոպական ներդրումային բանկ–11.03.2014 թ. և 18.11.2013 թ․։
Տրանշ 1-ի շրջանակներում առկա է շեղում ստորագրված վարկային համաձայնագրի և հրապարակված փաստացի աշխատանքների միջև, մասնավորապես՝ պլանավորված էր վերակառուցել մոտավորապես 56.4 կմ (18.4 կմ +38 կմ) ճանապարահատված, սակայն շահագործման է հանձնվել ավելի փոքր ճանապարահատված՝ 31 կմ (11.4 կմ + 19.6 կմ), բայց նախատեսվում է ծախսել վարկային համաձայնագրով հաստատված-պլանավորված 70.4 մլն. ԱՄՆ դոլարը՝ շեղումը կազմում է շուրջ 45 տոկոսով: Արդյունքում՝ Տրանշ 1.-ի ճանապարհահատվածում 1 կմ-ի միջինացված արժեքը կազմում է մոտ 2.3 մլն. ԱՄՆ դոլար։
Ի թիվս այլ խախտումների՝ այս հոդվածով կոչ է արվում քննարկել այս ծրագրի ներդրումային արդյունավետությունը, վերանայել իրենց գործում թերացած ընկերությունների շինարարական պայմանագրերը (այդ թվում՝ ենթակապալառուների և մատակարարների) և/կամ ամբողջովին նոր միջազգային տենդերներ հայտարարել, ներդնել շինարարական ընթացիկ աշխատանքների հասարակական և խորհրդարանական վերահսկողության, հաշվետվողականության, վնասի գնահատման և վերականգման առավել արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ: