Այսօր տեղեկություն է տարածվել, որ գործարար Սամվել Ալեքսանյանը շուրջ մեկ միլիոն դոլարի կամազներ է նվիրել Երևանի քաղաքապետարանին՝ դրա դիմաց, ըստ ամենայնի, ստանալով որոշակի դիվիդենտներ, օրինակ՝ շինթույլտվություն: Թեև քաղաքապետարանը շտապել է հերքել այս տեղեկությունը, այնուամենայնիվ, Նոր Հայաստանում նվիրատվությունների թեման բավական ակտուալ է:

Հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերի ֆիգուրանտներից շատերի մոտ հումանիզմի վառ արտահայտված դրսևորումներ են նկատվում: Ընդ որում, ուշագրավ է, որ պետությանը գույք կամ գումար նվիրաբերած նախկին օդիոզ պաշտոնյաներից և ոչ մեկն այսօր բանտում չէ: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը բանակի ծախսերը հոգալու համար պետությանն էր նվիրաբերել 6 միլիոն դոլար: Համենայնդեպս, այդպես է հայտարարվել, և Սաշիկ Սարգսյանի փաստաբանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ իրողությունը: Փոխարենը՝ հաստատ է այն, որ մեկ տարի շարունակ մտորելուց հետո իշխանությունները վերջապես որոշեցին աճուրդի հանել մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը, իսկ թե ուր կգնա հասույթը, մնում է կռահել: Մանվել Գրիգորյանը համաձայնել էր պետությանը նվիրաբերել 330 հա տարածք և 40 անշարժ գույք, սակայն, ի տարբերություն մյուս բարեգործների՝ Գրիգորյանը դեռ բանտում է, չնայած օր-օրի վատթարացող առողջական վիճակին:

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը որոշել էր ինքնակամ պետությանը նվիրաբերել 2 միլիոն դոլար: Թե ինչ եղավ այդ ցանկությունը հայտնելուց հետո, որևէ մեկին հայտնի չէ, հայտնի է միայն, որ գույք կամ գումար նվիաբերողների հանդեպ արդարադատության համակարգը բավական ներողամիտ է գտնվել՝ բացառությամբ, ինչպես ասացինք, Մանվել Գրիգորյանի: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, և եթե այդ գումարները մուտք արվեին պետական բյուջե, ապա այդ մասին իշխանություններն օր առաջ կհայտարարեին՝ թալանածը հետ բերելով՝ հպարտանալու հերթական առիթը բաց չթողնելով: Սակայն տարակուսելի է այս լռությունը, և այն հուշում է, որ նվիրաբերությունների այս ոդիսականում ամեն ինչ չէ, որ այդքան մաքուր է…