Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունները անզիջում պայքար սկսեցին նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների դեմ:

2018 թվականի մայիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի  փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Ալեքս Հոլդինգի սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է, ում Սիթիում ընդամենը մեկ տարի անց տեղադրվում էին Փաշինյանի՝  ֆեյսբուքյան հայտնի տողերը, ով օղի էր արտադրում Փաշինյանի անունով և ով՝ միայն նախորդ տարի 10 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Փաշինյանի «Իմ քայլը» հիմնադրամին:

2019 թ. ապրիլի սկզբին «Սպայկա»–ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար՝ պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դոլարի վնաս։ Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, Ղազարյանն ազատ արձակվեց և, ըստ տարածված տեղեկությունների, գործարքի մեջ էր մտել իշխանությունների հետ։  Այսօր արդեն Ղազարյանը ՔՊ ցուցակով պատգամավոր է ընտրվում, Սպայկային է տրվում՝ Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո ապրանքներ ներմուծելու մոնոպոլ իրավունք: Կարևոր ենք համարում նաև նշել, որ «Սպայկա»–ն իր սառնարանները տրամադրել է պետությանը՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված հայ զինվորների դիակները պահելու համար (ըստ ամենայնի՝ գումարի դիմաց). հիշեցնենք, որ իշխանությունները պատերազմից հետո դեռևս խուսափում են տալ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ տվյալներ։ Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցին, ի շարս պետական այլ ռեսուրսների, մասնակցում էր նաև «Սպայկա»–ի ղեկավարն՝ իր անձնակազմով։

Քրեական գործ էր հարուցվել նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ առչնվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության դեմ, գործը սակայն կարճվել է, իսկ ընկերությունը պետությանն է վերադարձրել 5 միլիոն ԱՄՆ դոլար:

Հաջորդ քրեական գործը վերաբերվում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշի Բարսեղը: Այդ քրեական գործի շրջանակներում, սակայն, կալանավորվեց միայն ընկերության բազայի պետը: 2019-ին մեղադրանք առաջադրվեց Բարսեղ Բեգլարյանին, այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Բեգլարյանը, իհարկե, այդպես էլ չկալանավորվեց, իսկ ամենաուշագրավը այն է, որ  2019-ին Ֆլեշ ընկերությունը  «Իմ քայլը» հիմնադրամին 5 միլիոն դրամ է նվիրաբերել:

2018-ին հարուցված մեկ այլ քրեական գործ վերաբերվում էր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Քրեական գործը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ձերբակալվել էին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն ու նույն անձին պատկանող «Էլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահը: Սակայն Սաշիկ Սարգսյանի անունը անգամ քրեական գործի շրջանակներում չի շոշափվել: Ավելին՝ ընդամենը ամիսներ անց հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ կնքել է ավելի քան երեք միլիարդ դրամի պայմանագիր: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանության պետի տեղակալ Վ․ Մովսիսյանի, և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն՝ ի դեմս ընկերության տնօրեն Ա․ Ղլեչյանի, հիմք ընդունելով 15.02.2017-ին կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» գնման պայմանագիրը, կնքել են սույն համաձայնագիրը։ Այն իրենից ենթադրում է 3 մլրդ 172 մլն 200 հազար դրամ արժողությամբ հավատարմագրային կառավարման պայմանագիր։ Սրանից հավատարմագրային կառավարչի վարձատրությունը 314 միլիոն դրամ է։ Պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հունվարի 25-ին։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից անմիջապես հետո  նախկինների ընկերությունների դեմ արշավ սկսած իշխանությունների էնտուզիազմը ժամանակի հետ մարել է  և այսօր այդ նույն ընկերությունները իրենց սեփականատերերով հանդերձ արտոնյալ դիրքեր են գրավում արդեն Նոր Հայաստանում…