Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, ինչը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով 21 անձանց, հիմնականում առողջական վիճակի հիմքով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատմանը կամ տարկետման տրամադրմանը, ինչը 5-ով կամ 31 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տվյալները վկայում են ոչ թե ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու կամ ապօրինի տարկետում շնորհելու դեպքերի ավելացման, այլ լատենտային բնույթ կրող կոռուպցիոն այս հանցագործության բացահայտման ցուցանիշների բարելավման, այդ ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցությամբ համադրված աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին:
Նշված 13 քրեական գործերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, որոնցից 2-ը՝ զինվորական զորակոչի կազմակերպման և իրականացման գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք: ԶՈՒ-ի հետ կապ չունեցող 4 անձի մեղադրանք է առաջադրվել խարդախության առերևույթ հանցագործություն կատարելու համար: Վերոնշյալ 25 անձանցից 8-ի նկատմամբ, որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձինք, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել միայն 3 անձի նկատմամբ:
2018թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քննված 3 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ:
Ելնելով զինապարտներին զինվորական ծառայությունից ապօրինի ազատելուն կամ տարկետումների տրամադրմամբ հետաձգելուն նպաստելու հետ կապված հանցագործությունների դեմ պայքարն առավել ուժեղացնելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրված առաջնահերթությունից՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց շրջանակները բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ զինվորական դատախազությունում կատարված նմանատիպ քրեական գործերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված բնույթի հանցագործությունների կատարմանը մեծապես նպաստում են զինապարտության տարիքի անձանց ծնողների կողմից իրենց զավակներին թվացյալ հեշտ ճանապարհով զինվորական ծառայությունից ազատելու խոստումներ տվող ինչպես համապատասխան իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց, այնպես էլ ԶՈւ-ի հետ որևէ առնչություն չունեցող՝ խարդախությամբ զբաղվող անձանց թակարդում, կոռուպցիոն սխեմաներում կամա թե ակամա հայտնվելու հանգամանքը:
ՀՀ Զինվորական դատախազությունը նախազգուշացնում է, որ զինծառայությունից ապօրինի խուսափելու նպատակով նմանատիպ անձանց հետ այս կամ այն կերպ համագործակցությունը ևս հանգեցնում է անխուսափելի քրեական պատասխանատվության՝ կոչ անելով արկածախնդրության դիմելու փոխարեն իրենց օգտին օրենքի շրջանցմամբ գործողություններ կատարելու առաջարկություններ ստանալու դեպքերում ակտիվորեն համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ այս երևույթներն արմատախիլ անելու համար: