SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի ճիշտ, գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, իրենց օպերատիվությամբ փայլել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները հետապնդել ու վնասազերծել էին առանձնապես ծանր հանցագործությունների մեջ կասկածվող Արտաշ Խաչատրյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր էին ձևակերպվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և նախաձեռնվել էր քրեական վարույթ Տ․ Բաղյանի կողմից, ում ցուցաբերած սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը։

Ա․ Խաչատրյանի նկատմամբ նախաձեռնվեց քրեական վարույթ, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ առանձնապես ծանր, միջին ծանրության և ոչ մեծ ծանրության՝ շորթման, ավազակային հարձակումներ, խարդախություն, ապօրինի բնակարան մուտք գործելու, վարորդական իրավունքի վկայականը կասեցված վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերով։

Հունվարի 10-ին, Ա․ Խաչատրյանը պարեկների կողմից բերման է ենթարկվում ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Աբովյանի քննչական բաժին, որտեղ պարզվել է, որ գտնվելիս է եղել հետախուզման մեջ։ Նա եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով։ Կան տեղեկություններ, որ Porsche Cayenne-ը առևանգված է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով քննիչ Տ․ Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել Ա․ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։