«Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ», – ամրագրում է Դատական օրենսգիրքը։ Սակայն, ինչպես երևում է, Նոր Հայաստանում օրենքը դատավորների համար չէ գրված:
Դիցուք՝ նորանշանակ դատավոր Ռուզաննա Ազրոյանը 2018-ին ստացել է 30 000 դոլարի նվիրատվություն՝ գույքի տեսքով․ դատավորին ծնողը ամառանոց է նվիրել։
Դատավոր Սերգեյ Մարաբյանը երեք հայտարարագրերում նվիրատվություններ է նշել, 2014-ին պաշտոնը ստանձնելիս՝ 15 000 դոլար ու 100 000 ռուբլի, 2017-ին՝ 500 դոլար, 2018-ին՝ 200 000 ռուբլի։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կինը 2013-2018-ին յուրաքանչյուր տարի ստացել է նվիրատվություններ, ընդհանուր ՝ 6 300 դոլար ու 375 000 ռուբլի։
Դատավոր Գագիկ Խանդանյանը ստացել է 5 մլն դրամ նվիրատվություն, իսկ նրա կինը՝ 2,4 մլն դրամ։ Նրա հետ համատեղ բնակվող երկու անձինք ավելի քան 4,5 մլն դրամ նվիրատվություններ են ստացել։ Ի դեպ, այս դատավորի որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը, վարչական դատարանում է, սակայան որևէ նվիրատվություն չի ստացել։
Ըստ բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի՝ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի եկամուտները աճել են՝ 9,885,776.00 դրամ, որից 6,135,824.00 դրամն աշխատանքից ստացված վարձատրությունն է, իսկ մնացածը՝ փոխառությունները։ 2018-ին դատավորը բնակարաններից մեկը 10,833.00 դոլարով վաճառել է։ Նրա փոխառությունները նույնն են մնացել, դրամական միջոցները կազմել են՝ 1.5մլն դրամ, 1000 դոլար և 3000 եվրո, իսկ եկամուտները՝ 10,120,058.00 դրամ, որը գոյացել է աշխատավարձից և փոխառություններից։
Քրեական գործը, որով անցնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, քննելու է դատավոր Վահե Միսակյանը: Վերջինս 2018 թվականին հայտարարագրել է 3,900,000.00 ՀՀ դրամ արժողությամբ MAZDA 6 2.5 L ավտոմեքենան, 3,500,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 ԱՄՆ դոլար: Դատավորի եկամուտները հարկային տարում կազմել են 18,987,976.00 ՀՀ դրամ:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որը վերջերս մերժեց ՊեԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հայտարարագրել է 2,400,000.00 ՀՀ դրամ, 2,500.00 ԱՄՆ դոլար և 150,000.00 ռուբլի: Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 9,648,732.50 ՀՀ դրամ, միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ դատավորը որպես նվիրատվություն հայտարարագրել է նաև 200,000.00 ռուբլի: