Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի կարծիքով, Լևոն Արոնյանը չի կորցրել հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը:
«Հավակնորդների մրցաշարն աշխարհում ամենակարևորներից մեկն է: Այն միայն զիջում է Աշխարհի չեմպիոնի մրցախաղին: Այսօր ամբողջ հայ ժողովրդի ուշադրությունը հենց այդ մրցաշարի վրա է: Լևոն Արոնյանի հետ կապված մեր հույսերը շատ մեծ են: Հավակնորդների մրցաշարն իր բնույթով շատ յուրօրինակ մրցաշար է: Դեռ հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ մասնագետներն այն կարծիքն են արտահայտել, որ այն ուժեղագույն մրցաշարերից մեկն է մինչ այս եղածների շարքում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրիասյանը:
Վերջինիս խոսքով, Լևոնը հաջող չմեկնարկեց, սակայն սա դեռ մրցաշարի սկիզբն է: Հավակնորդների մրցաշարն այն մրցաշարն է, որտեղ մասնակիցները կարող են իրենց թույլ տալ գոնե մեկ անգամ սխալվել, և Լևոնն օգտագործեց իր այդ հնարավորությունը,- կատակով նշեց բանախոսը:
Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է: