Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների` վարորդական վարժանքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած ՊԲ զինծառայող Էդգար Երեմյանն Արարատի մարզի Ղուկասավան գյուղից էր:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ղուկասավանի համայնքապետ Արա Վարդանյանը փոխանցեց, որ Էդգար Երեմյանը մեկ ամսվա ծառայող էր:

 

Մեզ հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ ավտովթարի ժամանակ Էդգարի հետ ևս մեկ զինծառայող է եղել մեքենայում, սակայն վերջինս իջել է անիվի տակ քար դնելու և փրկվել է. «Ավտովթարի ժամանակ Էդգարը հասցրել է դուրս թռչել մեքենայից, իսկ մեքենան, դուրս գալով երթևեկելի գոտուց` ընկել ձորը: Բայց Էդգարի կյանքը չի հաջողվել փրկել»,- ասաց համայնքապետը:

Գյուղապետի խոսքով` Էդգարը խելոք և օրինակելի երիտասարդ էր. «Ապրում էր ծնողների, տատիկի և երկու եղբոր հետ: Սոցիալական պայմանները միջինից ցածր են: Հայրը արտագնա աշխատանքի է գնում, գալիս»,-ասաց Վարդանյանը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 15-ին, ժամը 17:30-ի սահմաններում, զորամասում պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 19-ամյա Էդգար Գեւորգի Երեմյանը:

Սոնա Հարությունյան