Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 16-ին, մեկնարկել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի սգո սրահում 2017թ. ամռանը 4 հոգու սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ։

Նշենք, որ նախքան դատական նիստի մեկնարկը, դատարանում միջադեպ գրանցվեց նիստերի դահլիճ բերված ամբաստանյալներ Թելման Քալաշյանի, Քյարամ Քալաշյանի և տուժածների իրավահաջորդների, դահլիճում ներկաների միջև: Վերջիններս վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցրին միմյանց հասցեին։ 

 

Դատական կարգադրիչներին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը նիստերի դահլիճում, նախագահող դատավոր Սուրեն Մնոյանն էլ հայտարարեց, որ նման վարքագիծը կրկնվելու դեպքում ինքը ստիպված կլինի դատական սանկցիա կիրառել:

Դատական կարգադրիչներն ու ոստիկանության ծառայողները կողմերին հեռացրին նիստերի դահլիճից, այնուհետև որոշ ժամանակ անց տեղափոխվեցին նիստերի դահլիճ և դատական նիստը մեկնարկեց։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեսանյութը` tert.am