ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Արմավիր քաղաքի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. մարտի 6-ին՝ ժամը 21:00-ին, Արմավիրի շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բնակիչ է հանկարծամահ եղել։
Նախնական տվյալներով՝ ընտանիքի անդամների հայտարարության համաձայն՝ 2018 թ. մարտի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1969 թ.(վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ), իրենց տան խոհանոցում, վերցնելով հում մսի կտոր, փորձել է այն կուլ տալ։
Մայրը, նկատելով, որ նա խեղդվում է, փորձել է օգնություն ցուցաբերել և սեղմել է պարանոցը՝ մսի կտորը կոկորդից հանելու համար։
Արմավիրի 48-ամյա բնակչուհու մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:
Դեպքի առթիվ 2018թ. մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով( անզգուշությամբ մահ պատճառելը), որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 48-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: