Հայաստանի խորհրդարանն այսօր՝ մարտի 21-ին, քննարկում է «Ելք»-ի հարցապնդումը՝ կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց գազի գնի հարցը. «Մենք առանձնացրել ենք երկու հիմնական բլոկ: Առաջինը՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության սահման գազը հասնում է 150 դոլարով, իսկ մեր տներ հասնում  է 289 դոլարով: Այո՛, պարոն Զեյնալյան, Դուք ճիշտ եք, կառավարության ներկայացուցիչները չեն պատասխանում հարցին, որովհետև դա նրանց ձեռնտու չէ: Իսկ պատասխանը հետևյալն է՝ իրավիճակն այսպիսին է, որովհետև ՀՀ-ը, ինչպես կառավարությունը գլուխ է գովում, աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկն է: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Ասեմ՝ կապը հետևյալն է. սկսած 2003 թ.-ից, այն ժամանակներում, երբ գազի 1 խորանարդ մետրը 50 դրամ էր,  հանրապետական պատգամավորները հեռավոր գյուղերում ձայն ստանալու համար «ՀայՌուսգազարդ» ընկերության հաշվին խողովակներ քաշեցին և ամբողջ ՀՀ-ն գազաֆիկացրեցին և, բնականաբար, այդ ամբողջ ծախսը՝ խողովակներ, սպասարկման աշխատողներ՝ մտած է սակագնի մեջ»,- ասաց նա: 

 

Փաշինյանը մեկ այլ՝ ավելի լուրջ պրոբլեմ առաջ քաշեց՝ նշելով, որ Հայաստանի բնակչության գրեթե 95%-ը ապահովված է գազամատակարարմամբ, բայց 72,2 %-ը վառելափայտով է տաքացնում տունը: Իսկ այդ գազը օգտագործում է օրը երկու բաժակ սուրճ եփելու համար: Այս խայտառակությունը, նշեց նա, կապված է ընտրությունների արդյունքները կեղծելու հետ: 

Փաշինյանը որպես երկրորդ խնդիր նշեց 2012թ.-ից սկսած՝ ամեն տարի էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, ապա թվարկեց՝ 2013 թ.-ին 30 դրամից դարձել է 38, 2014թ.-ին՝ 38-ից 42 դրամ, 2015թ.-ին՝ 42-ից 49 դրամ. «Արդյունքում՝ 2012թ.-ի նկատմամբ ունենք 50 % թանկացում. «Այսինքն, այստեղ էլ իշխանությունը, կառավարությունը ժողովրդին շատ կոնկրետ քցել ա: Չենք հասկանում՝ էս փողերը ինչի՞ վրա են ծախսվում»,- նկատեց նա: