«Հավանականություն կա, որ հունվարի 18-ին կազմակերպված երթի արդյունքում կվերանայվի նաև գազի գնի հարցը»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

 

Գազային վերջին զարգացումներին և գազի գնի ձևավորման հարցին անդրադառնալով՝ պարոն Բոստանջյանը այսպիսի պարզ բանաձև ներկայացրեց. «ՌԴ նախագահը գազի գնի կտրվածքով ասել է, թե մենք ձեզ 1000 խմ գազը սահմանին հասցնում ենք 189 դոլարով'ՌԴ ներքին սպառման գներով, գնացեք, ձեր հարցերը լուծեք: Եթե մենք դա սպառման համար տալիս ենք 400 և ավելի, ապա պարզ է այն, որ 200 տոկոսից ավելի մեր սպառողի մոտ գազը թանկանում է: Այդ ոնց եղավ այդպես: Առավել ևս այն պարագայում, երբ տևական ժամանակ շատ թաքուն են պահվել ընդհանրապես գազային հարաբերությունները: Որևէ մեկը որևէ բան գիտի՞: Եթե գիտի, թող ասի: Հենց իշխանության համար էլ պարզ չէ: Պարզ չէ նաև այն, թե այդ պարտքը պարտք է, թե'փուչիկ»:

 

Aravot.am-ը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց' իր գնահատմամբ, ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին հասնում 400 դոլար սակագնով: Նա պատասխանեց. «Դեռ գարնանը մենք «ՀայՌուսգազարդին» պահանջ էինք ներկայացրել, որ թափանցիկ հաշվարկ ներկայացնի, թե ինչ ծախսեր կան, ինչպես է ձևավորվում իրենց շահույթը, ինչպե՞ս է սահմանից ստացված սակագինը գրեթե կրկնապատկվում' հասնելով սպառողին: «ՀայՌուսգազարդի» կողմից հիմա խոշոր ներդրումներ չեն կատարվում, խոշոր ծախսեր չկան: Բայց պատասխան չենք ստացել: Հարցրեք, միգուցե Ձեզ պատասխանեն»:

 

«ՀայՌուսգազարդից» պարզաբանում ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց: Սակայն պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը: