Դեռևս 2011 թվականին առողջապահության նախարարությունը միջոցառումներ էր իրականացնում «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Սեդալգին» և «Պրեգաբալին» («Լիրիկա») դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ:
Կատարված դիտարկումների արդյունքում պարզվել էր, որ նշված դեղերն այլ դեղերի և/կամ նյութերի համադրմամբ կարող են օգտագործվել որպես հոգեմետ նյութեր: Ստացված պատրաստուկների գործածումն արագ առաջացնում է և´ ֆիզիկական, և´ հոգեկան կախվածություն, ինչպես նաև՝ վարքային տարբեր խանգարումներ, իսկ գերդոզավորումը բերում է մահվան:
Սրանցից ամենատարածվածը և վտանգավորության բարձր աստիճան ունեցող դեղը «Լիրիկան» է, գնային առումով այն հասանելի է յուրաքանչյուրին, վաճառվում է առանց բժշկի տրամադրած դեղատոմսի: Այսինքն յուրաքանչյուր ոք, երբ ցանկանա կարող է գնել մահաբեր «Լիրիկան» մեր երկրի դեղատներից:
Լիրիկան նախատեսված է էպիլեպսիկ նոպաների ժամանակ օգտագործելու համար, բայց թմրադեղ օգտագործողների կողմից վաղուց պարզվել է դրա մեկ այլ հատկություն` այն պարգևում է երջանկության հորմոններ` մարդուն գցելով էյֆորիայի մեջ:
Իսկ հիմա, թե ինչու է որոշվել «Լիրիկան» մեր երկրում վաճառել առանց դեղատոմսի՝ պարզ չէ, բայց մի բան ակնհայտ է` առողջապահության նախարարությունը թմրադեղ օգտագործողների համար լավագույն միջավայրն է ստեղծել` ոչ մի արգելք չդնելով այդ դեղի վաճառքի վրա: Իսկ այն, որ օր-օրի տարածվում և պատուհաս է դառնում մեր հասարակության գլխին` ակնհայտ է:
Նշենք նաև, որ «Լիրիկան» արտադրում է գերմանական Պֆայզեր ընկերությունը:
Նելլի Ավետիսյան