Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հաստատում են, որ 20 և ավելի բեռնատար մեքենան համայնքը նվեր է ստացել գործարար Սամվել Ալեքսանյանից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ավագանու անդամները պնդում են, որ որևէ մեկը չի իմացել այդ մասին, դա գաղտնի է պահվել և հայտնի չէ, թե ինչի դիմաց է քաղաքապետարանը նվեր ստացել այդ 20 մեքենան:
Խաժակյանը նշեց, որ այս պահին չգիտի, թե քանի հատ «Կամազ» է Ալեքսանյանը նվիրել քաղաքապետարանին՝ հույս հայտնելով, որ քաղաքապետարանը կտա այդ ինֆորմացիան. «Ինձ համար զարմանալի է, թե ինչու մայրաքաղաքի այսօրվա իշխանությունները չեն անդրադառնում հարցին, թե ումից են նվեր ստացել այդ երկու և ավելի տասնյակ «Կամազ»-ները և ինչի դիմաց: Եթե նախապես հայտարարեին, որ «Ալեքս Հոլդինգը» ցանկանում է նվեր անել, դա թափանցիկ կլիներ, հասկանալի կլիներ: Սակայն, եթե գաղտնի են պահում, ես հստակ խնդիր եմ տեսնում»:
Անի Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ առանձին խոսակցություններում «Իմ քայլ»-ի անդամները հայտարարում են, որ «կա ինչ-որ մեկը». «Սակայն մենք չենք իմացել այդ մասին, հանրությունն էլ չի իմացել այդ մասին: Պետք է իմանալ, թե ինչի դիմաց են նվեր տալիս: Պետք է իմանալ նաև՝ արդյո՞ք հասարակությունը ցանկանում է նվեր ստանալ կոնկրետ մարդուց»: